Որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մենք բազմիցս ենք նշել` հարցը փոխզիջումների ճանապարհով լուծելու պատրաստակամություն ունենք: Բայց այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում», – նշել է նա:Վարչապետը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը, և նկատել` զգում են Ռուսաստանի աջակցությունը որպես ՀՀ-ի ու հայ ժողովրդի դաշնակցի: Այս իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է: «Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր Ադրբեջանի վերը հիշատակված դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպան գործին, և այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև ըստ էության Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի համաձայն չէ», – ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով կոչով. – «Կռվել այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի, ընդ որում ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»: Հայաստանի ղեկավարը հորդորել է քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին կամավորական ջոկատներ կազմակերպել, որոնք կլինեն ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ:Հայաստանի վարչապետը ներկայացրել է նաև իրավիճակն առաջնագծում. – «Այո, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում, և այստեղ կա մի շատ կարևոր նրբություն` մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ իր վերջին ռեզերվները, այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն անկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»:
Ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին:
Publiée par Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան sur Mercredi 21 octobre 2020
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com