Պատվաստված անձինք Հայաստան մուտք գործելիս թեստ չեն հանձնի. Կառավարության որոշումը
Այն անձինք, որոնք կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է , որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է։ «Այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը, այնուհետև կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ Բայց մենք ևս փորձում ենք ժամանակից հետ չմնալ և մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։ Փոփոխություն է կատարվել նաև մինչև մեկ տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջում, այդ պահանջը հանվել է։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com