Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա․ կառավարությունը հաստատել է նախագիծը
ՀՀ կառավարությունն այսօր Հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը:
Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները և կարգը, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com