Վարչապետը վերահաստատել է սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին իր հայտարարությունը

Երեկ Հայաստանի սահմանին տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ Հայաստանի զինված ուժերը երեկ սահմանին՝ Հայաստանի տարածքում, ինժեներական աշխատանքներ են իրականացրել, իսկ հարվածներ հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները ևս գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից, հայտարարել է վարչապետը՝ նկատելով՝ Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել բանակի բարեփոխումների ծրագիրը։ Անդրադառնալով զենքի մատակարարումներին՝ Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանը փորձում է, որտեղ հնարավոր է, այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի։ «Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարվել են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից, սա իհարկե ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ այս ամենը տեղի է ունենում մեկ նպատակով, որ Հայաստանը հրաժարվի իր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անի։ «Մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու գործում», – ասել է Փաշինյանը։ Համաձայնելով միջազգային կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական, խաղաղ ճանապարհով՝ գործադիրի ղեկավարը վերահաստատել է երեկվա իր հայտարարությունը՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/09/29/Cabinet-meeting-Speech/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments