Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա, նաև ասաց վարչապետը՝ շեշտելով՝ սա էթնիկ զտման և հարենազրկման ուղղակի ակտ է և այն ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էին միջազգային հանրությանը։ «Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն», – ասել է Փաշինյանը։ «Այս փուլում լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը, մեր հաջորդ խնդիրն է միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել։ Դրա համար նախատեսված է երեք մարզ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի», – հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի այդ մարզերում բռնի տեղահանվածների միջնաժամկետ բնակեցման հարցը լուծենք հետևյալ տրամաբանությամբ՝ հյուրնկալ ընտանիքների և բնակարանների վարձակալության մեխանիզմով: Մենք որևէ մեկին չենք կարող պարտադրել որևէ տեղում գտնվել, մենք պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում, փորձում ենք նաև որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր: Իհարկե, երկարաժամկետում բազմաթիվ հարցեր կան, այդ հարցերի պատասխանները մենք պետք է ունենանք, իրադրությունը գնահատենք, և երկարաժամկետ լուծումները պետք է բխեն այդ տրամաբանությունից»,- նշել է Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ դիտարկում են սննդի քարտերի թողարկման հարցը. «Խոսքն այնպիսի քարտերի մասին է, որոնցում առկա միջոցները կարող են օգտագործվել միայն սնունդ ձեռք բերելու համար: Բնականաբար, մեր տրամադրած օթևաններում մենք կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլով պետք է հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառուներին ներառենք ՀՀ սոցիալական ծառայությունների համակարգում, որպեսզի այդ ծառայությունները ստանան, այսինքն՝ թոշակառուները ստանան թոշակ և այդպես շարունակ»: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի՝ լավ լուրն այն է, որ աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է, և Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին պիտի աջակցի, որ արագ աշխատանք գտնեն ամենատարբեր համակարգերում. «Կրթության համակարգում աշխատողները՝ կրթության համակարգում, առողջապահության համակարգում աշխատողները՝ առողջապահության և այսպես շարունակ, գյուղատնտեսության, գործարարության ոլորտում»: https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2023/09/28/Cabinet-meeting-Speech/

dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments