Վերջին օրերին ՀՀ-ում արձանագրվում է կորոնավիրուսի թվերի որոշակի աճ. կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7 տոկսի մոտ էր հաստատվում հիվանդությունը, ապա այսօր այդ թիվը հասել է 16-ի։ «Երեկվա դրությամբ 2 հազար 922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է», – ասել է նախարարը՝ կանխատեսելով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կմեծանա, հետևաբար, ըստ նախարարի, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցների կիրառմանը։ «Այսօր արդեն վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքերը։ Ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք այս մահճակաների թիվը։ Բայց, անգամ եթե մենք ի վիճակի լինենք պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, պետք է նշեմ, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք», – ասել է նախարարը։ Առողջապահության նախարարը, պատվաստանյութերի ներկրման և պատվաստման գործընթացին զուգընթաց, մեկ անգամ ևս կարևորել է դիմակների կրումը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ այսօր քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար: «Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Արսեն Թորոսյանը: Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսավարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6 ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ՝ չափանիշները բավարարող շահառուներին աջակցությունից օգտվելու համար դիմումների ներկայացման և փոխհատուցման ժամկետները փոփոխելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տրանսպորտային ընկերությունների տնտեսական գործունեության հայտարարագրած դասակարգիչների ցանկում լրացում կատարելու նպատակով: Ըստ այդմ՝ կփոփոխվի միջոցառման դիմումների ներկայացման ժամկետը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 16-ը, իսկ միջոցառման պոտենցիալ շահառուներին կընձեռվի մինչև 2021 թ. մարտի 14-ը դիմում ներկայացնելու հնարավորություն: Բացի այդ, միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը կհամալրվի մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի և լիզինգի դասիչի ներքո աշխատող ընկերություններով: Կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանի կհատկացվի ավելի քան 234 մլն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: «Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլ դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքերն ավարտելու համար՝ 161.6 մլն դրամ»,-ասել է նախարարը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աշխատանքների, այդ թվում պուրակի վերաբերյալ. «Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել և պարոն Պապիկյանի, և մարզպետարանի հետ: Խնդիրները լուծված են, ձևակերպումները մեկ հողամասի ավարտված է, մյուսն ավարտման փուլում է: Որոշումն ընդունելուն պես մենք անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարությունը: Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչև աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ ենք, որոնք նախատեսվում ենք ավարտել մինչև տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով»: Անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներին՝ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ դրանք նույնպես ավարտվել են: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի նույնպես մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments