Տեղի ունեցած գործողությունների արդյունքում կանխվել է պատերազմը Սյունիքում. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ այս օրերին տեղի ունեցած գործողությունների արդյունքում կանխվել է պատերազմը Սյունիքում: Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետը նշել է, որ պատերազմը կանխվել է ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես։ «Այսօր այն գործողությունների արդյունքում, որ տեղի են ունեցել, կանխվել է պատերազմը Սյունիքում։ Ընդ որում, կանխվել է ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, որովհետև հիմա մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն Հայաստանը կմիջամտի, այլ կմիջամտի նաև Ռուսաստանը: Եվ սա արվել է դրա համար։ Ընդամենը: Սա չի նշանակում, որ, օրինակ, չի կարող լինել բանավեճ մեկ կամ երկու կամ 12-ի վերաբերյալ: Այսօր, օրինակ, կա այդպիսի բանավեճ՝ մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ, և այդ բանավեճը տեղի է ունենում: Ճանապարհների հետ կապված կա բանավեճ։ Բայց մենք ուրիշ բան ենք արել, ասել ենք՝ եկեք այսպես անենք, եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը կաշխատի, հետո հընթացս կհասկանանք՝ այս բանավեճն ինչպե՞ս ենք լուծում: Ամենատարբեր տարբերակներ կան այդ բանավեճի, բայց որ Հայաստանի Հանրապետության տարածքը եղել է և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, և այս գործողություններն արվել են դրա համար»,-նշել է ՀՀ վարչապետը: Նա ընդգծել է, որ ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել: Վարչապետի խոսքով, կարող էին և կարող են տրանսպորտային, կոմունիկացիաների որոշակի բարդություններ, անհարմարություններ ծագել, բայց դրանք լուծելի հարցեր են։ Եվ լուծվում են ու կլուծվեն, հետագայում այլ լուծումներ նույնպես կգտնվեն: Ըստ նրա՝ կարևորն այսօր անվտանգությունը, անվտանգային միջավայրի կայունությունն ապահովելն է: Անդրադառնալով դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կար կետ կամ կետի շարունակություն, որ Սյունիքով պետք է ինչ-որ միջանցք տրամադրվի Ադրբեջանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտարարության մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ միջանցք արտահայտություն գոյություն չունի: Կա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին պնդում: «Երեկ, օրինակ, Վերին Լարսն ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար, և սա ծանոթ պատմություն է: Հիմա, օրինակ, եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ՝ եթե պարզվի, երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ՝ եթե պարզվի Նախիջևանով և՛ Իրանի հետ, և՛ Ռուսաստանի հետ, դա մեզ համար լավ նորություն կլինի՞, թե՞ վատ նորություն»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com