Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ
Չնայած գործադրվող ջանքերին՝ ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև: 1915թ․ սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու հիմքով:
Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից: Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։
Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»,- ասված է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ԱԳՆ հայտարարության մեջ:
https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2024/04/24/Statement_Armenian_Genocide/12612
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com