Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել զինված ուժերը, տեղակայել միջազգային դիտորդներ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հանդես եկել միջազգային հանրությանն ու Ադրբեջանի կառավարությանն ուղղված առաջարկով: «Առաջարկը հետևյալն է. մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն ՌԴ-ն կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ՝ ՌԴ-ն կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը պահում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ էլ սահմանային լարվածությունն է առաջացել: Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում իմ պատկերացումն այն է, որ ՌԴ և ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, և այս գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության ներքո: Հաջորդ փուլով պետք է սկսվի սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչև Խոզնավար ՌԴ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների աջակցությամբ: Սա է իմ առաջարկած պլանը, որը, եթե Ադրբեջանը, իրոք, խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այս պլանը մերժելու պատճառ չպետք է ունենա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ ՌԴ-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ու Ադրբեջանին: «Հույս ունեմ՝ այս առաջարկը կընդունվի, տեղում իրադրությանը ծանոթանալով՝ եկել եմ այն համոզման, որ սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ ու խելամիտ ճանապարհը: Եթե այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը թույլ տալ չենք կարող»,- նշեց Փաշինյանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com