Փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել և ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: Կառավարությունը հաստատել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է,որ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։ Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով: «Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը։   Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/27/Cabinet-meeting/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments