«Փողով բանակից ազատման» նախագիծը կրկին մերժվեց
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու» վերաբերյալ օրինագիծը, որը նախկինում, թեև ստացել էր կառավարության դրական եզրակացությունը, սակայն խորհրդարանում չէր ընդունվել։ Քննարկման ընթացքում Հայկ Սարգսյանը պնդել է, որ նախագծի մերժումը հանգեցնում է լուրջ հետևանքների՝ նշելով, որ զինծառայողների թիվը շարունակաբար նվազում է։ Նրա ներկայացմամբ՝ վերջին տարիներին աճել է հատկապես քաղաքացիությունից հրաժարվող երիտասարդ տղամարդկանց թիվը, ինչի արդյունքում բանակը կորցնում է զգալի զորակոչային ռեսուրս։
Պատգամավորը շեշտել է, որ եթե համապատասխան մեխանիզմներ չկիրառվեն, այս միտումը շարունակվելու է՝ առաջացնելով նոր խնդիրներ պաշտպանության համակարգում։ Սարգսյանը նաև նշել է, որ ծառայության բեռը անհավասար է բաշխված՝ ընդգծելով, որ այն հիմնականում ընկած է մարզերի բնակիչների վրա, մինչդեռ որոշ համայնքներում մեծ թվով երիտասարդներ չեն ներգրավվում ծառայության մեջ։ Նրա խոսքով՝ առաջարկվող նախագիծը կարող է կարգավորել այս իրավիճակը և նվազեցնել նման անհավասարությունները։ Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ օրինագծի մի շարք դրույթներ գնահատվել են հակասահմանադրական, և ընդգծել է, որ «փողով բանակից ազատվել չի կարող լինել»։ Քննարկման ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել․ Հայկ Սարգսյանը փորձել է արձագանքել քննադատություններին, սակայն նրա և Անդրանիկ Քոչարյանի միջև վիճաբանություն է ծագել։ Պ
ատգամավորը պնդել է, որ նախագիծը մերժվել է ոչ թե իր, այլ խորհրդարանի կողմից, և նշել է, որ դրա վերաբերյալ պետք է հստակ պատասխանատվություն սահմանվի։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարել է, որ այս պահին կառավարությունը նպատակահարմար չի համարում օրինագծի ընդունումը և առաջարկել է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց։ Իր ամփոփիչ ելույթում Հայկ Սարգսյանը դժգոհություն է հայտնել պատգամավորների դիրքորոշումից՝ ընդգծելով, որ նախագծի չընդունումը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ բանակի համալրման վրա։ Վերջիվերջո հանձնաժողովի անդամների քվեարկությամբ օրինագիծը կրկին չի ընդունվել։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






