«Քաղաքական նոր ուժի մուտքը Գյումրու ավագանու ընտրություններին` Եվրադաշինքը կգլխավորի Լևոն Բարսեղյանը»
Քաղաքական նոր ուժի մուտքը Գյումրու ավագանու ընտրություններին` Եվրադաշինքը կգլխավորի Լևոն Բարսեղյանը
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում պաշտոնապես առաջադրվողներ դեռ չկան, բայց իրենց արդեն թեկնածու հռչակած անձինք ոչ թե գաղափարախոսության, այլ անհատների ընտրապայքար են սկսել: Ոմանց նախընտրական պաստառներում էլ կարգախոսների փոխարեն անձերի անուններ են:
Գյումրիում այսօրվանից նոր քաղաքական մշակույթի հիմք դրվեց: Այս մասին հայտարարեցին Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունների ղեկավարները: «Հանրապետություն»,«Հանուն հանրապետության» և Եվրոպական կուսակցությունների նախագահները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով են մասնակցելու, նրանց նախընտրական ցուցակը գլխավորելու է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, անկուսակցական Լևոն Բարսեղյանը:
Քաղաքական այս ուժերը ամիսներ առաջ համախմբվել էին Եվրոպական օրակարգը Հայաստանում առաջ տանելու համար և կազմակերպել ստորագրահավաք Եվրամիությանն Հայաստանի անդամակցության հարցով: Նրանց այս ձեռնարկը հաջողեց, ու ԱԺ-ում առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց: Ըստ դաշնակիցների, հատկանշական է, որ Եվրոպական օրակարգի առաջին քայլը արվում է Գյումրիից: Այս կուսակցությունները քաղաքական այլընտրանք են առաջարկում Գյումրիին, իրենց թեկնածուն լավագույնն է, ով ամենալավատեղյակն է Գյումրու խնդիրներից ու շատ լավ գիտի դրանց լուծման տարբերակները, միշտ եղել է քաղաքացիների իրավունքների պաշտպանության առաջնային դիրքերում:

Լևոն Բարսեղյանը 2 անգամ ընտրվել է Գյումրու ավագանու անդամ, շարունակ բարձրաձայնել քաղաքի խնդիրները. թափառող շներ, սոցիալական արդարության պակաս, շուկայի բացօթյա առևտուր: Ասում է, այս ամենը վերացնելու համար առասպելական հմտություններ պետք չեն, դրանց լուծումները հայտնի են, բազմաթիվ անգամներ է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացրել, որոնք խոստացել են լուծել, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվել:
Խոստանում են` քարոզարշավի ժամանակ թշնամություն թույլ չեն տալու, սիրով ու հանդուրժողականությամբ են քարոզ տանելու, քաղաքավարի, էթիկայի բարձրագույն ստանդարտների մեջ, իրենց հասցեին ուղղված վիրավորանքներին էլ խոստանում են համարժեք չպատասխանել: 50 տոկոսից ավելի քվե չստանալու դեպքում, դաշինքն արդյոք պատրաստ է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, այնպես, ինչպես դա արեց «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Ավագանիում մեծամասնություն ունենանալու պարագայում, արդյոք ՔՊ-ն հաշվեհարդար չի տեսնի նաև այս ուժի հետ ու ճնշումների ներքո չի հեռացնի իշխանությունից այնպես, ինչպես դա տեղի ունեցավ «Բալասանյան Դաշինքի» դեպքում: Եվրադաշինքը այս հավանական սցենարի մասին էլ է մտածել:
Եվրադաշինքը ունի հաստատուն որոշում ` հաղթելու են: Առաջնորդվելու են Եվրամիության գլխավոր կարգախոսով. Եվրամիությունը դա համայնքներն են, ու Գյումրու օրինակով, համայնքները պետք է դառնան պետության հիմքը: 3 կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով պարտավորվեցին ձևավորել միասնական քաղաքական դաշինք, որի գործունեությունը պետք է հիմնված լինի Եվրոպական լավագույն փորձի վրա և նպաստի ուժեղ և հաշվետու ՏԻՄ-ի ձևավորմանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com