ՔՀԿ Հայտարարություն․ԱՆՀԱՊԱՂ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային:
2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։ Ընդ որում, խմբավորումները զինված են և կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ 2021 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ շփման գծում սպանվել է մեկ զինծառայող: Հաջորդ օրը, մայիսի 27-ին, Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Հայաստանի 6 զինծառայող:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը, ոգևորված Արցախում Թուրքիայի հետ համատեղ՝ վարձկան ջիհադիստների լայն ներգրավմամբ սանձազերծած պատերազմի միջազգային հանրության կողմից չդատապարտումից ու գործած պատերազմական հանցագործությունների անպատժելիությունից, ինչպես նաև օգտվելով Հայաստանում անկայուն քաղաքական իրավիճակից ու նախընտրական լարվածությունից, ավելի ու ավելի ագրեսիվ և անմարդկային քայլեր է ձեռնարկում և շարունակելու է ձեռնարկել՝ թուլացնելու մեր պետությունը՝ հիմքեր ստեղծելու հայաթափման և Հայաստանի Հանրապետության տարածքից ցանկալի կտորներ գրավելու համար:
Վերոնշյալ իրավիճակում իր բացարձակ անգործունակությունն են ի ցույց դնում ՀՀ անվտանգային համակարգի արտաքին բաղադրիչները, մասնավորապես՝ անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ՌԴ փոխգործակցային համակարգը, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգային համակարգը։ Անկասկած է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին դիմել և որից աջակցություն է ակնկալում Հայաստանի կառավարությունը, շահագրգռված չէ և նպատակ չունի պատշաճ ու պատեհ աջակցություն ցույց տալու Հայաստանի Հանրապետությանը, ինչի վկայությունն է առնվազն այն, որ տվյալ կառույցի անդամներից և ոչ մեկը մինչ օրս հրապարակային չի քննադատել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի դիրքավորվելու փաստը: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ․ պայմանագրի և նաև այդ հիմքով 2016թ․ նոյեմբերի 30-ի՝ ՀՀ և ՌԴ կողմից համատեղ զինված ուժերի ձևավորման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին համապատասխան ՌԴ-ն պարտավոր է անհապաղ արձագանքել ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեպքերին, ՌԴ իշխանության կողմից որևէ արձագանք առկա չէ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման արձանագրված դեպքերին։ Բացի այդ, ՌԴ իշխանություններն, ըստ էության, սանձազերծում են նոր ագրեսիայի հնարավորություն՝ իրավիճակի հարթման միակ ճանապարհ դիտարկելով ՀՀ-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի իրավական ձևակերպումը՝ իր չհիմնավորված մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը ռիսկի տակ է: Անվտանգության ապահովման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունն է, այլ ո՛չ Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը: ՀՀ վարչապետի կողմից ներկայացվող խաղաղ հանգուցալուծման պլանը բավարար լուծում չէ, և անհասկանալի է Հայաստանի համար ճակատագրական հարցով իրավասու կառույցներին չդիմելը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՆՀԱՊԱՂ դիմի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ քննարկելու 2020 թվականի աշնանը Արցախում սանձազերծած պատերազմից ի վեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ ընթացք տա այլ պետությունների կողմից ներկայացված անվտանգության ապահովման հետ կապված առաջարկներին:
Նման գործելաոճը բխում է քաղաքացու անվտանգությունն ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունից, հակառակ պարագայում վերջինս պատասխանատու է պետականությանը սպառնացող հետևանքների համար:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralis

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments