Վարչապետը հանձնարարել է շտկել անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների աջակցության ծրագրի թերությունները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել՝ ավելացնելով, որ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:
«Կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Թերություն եմ համարում այն, որ երեխաները, կարծես թե որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, ճշգրտումների կարիք կա», – ասել է վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, խնդիր է առաջացրել: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», -նշել է փոխվարչապետը:
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ:
Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծել է նա:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/02/18/Cabinet-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com