15 զինծառայողի մահվան գործով զորամասի հրամանատարի տեղակալը կալանավորվել է. Գլխավոր դատախազություն

Հունվարի 19-ի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Երեկ դատախազությունը տեղեկացրեց, որ զինվորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Ըստ դատախազության՝ Աղաբեկյանը պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման համար, իր պարտականությունները չի կատարել, չի ապահովել զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, արդյունքում՝ անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա երեկ ձերբակալվել էր, կալանքի հարցով միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Հունվարի 19-ի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 3 զինծառայողներ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Քննվող հիմնական վարկածն այն է, որ կրակը բռնկվել է, երբ զորամասի կապիտանը փորձել է բենզինով թեժացնել վառարանի կրակը։ Դասակի հրամանատարը դեպքից ժամեր անց, մինչդեռ, պնդել էր, թե տարածքում բենզին չի եղել։ Իրավապահները դասակի հրամանատարին ևս հարցաքննել են, մանրամասներ չեն հաղորդվում։ Երեկ կառավարության նիստում Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ «ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է»։ Հրդեհի օրը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր առաջ քաշել բենզինով վառարանը վառելու վարկածը։

Աղբյուր` https://www.prosecutor.am/am/mn/8905/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments