2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ այսօր անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։
Խորհրդակցության մեկնարկին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված տվյալներին։ Ըստ այդմ, 2023 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1172 դիմորդ։ Մրցույթի հիմնական փուլում ընդունվել է մասնագիտություն հայտագրած դիմորդներից 881-ը (75,2%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 33 դիմորդ (2,8%) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 31-ը։ Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում ընդունվել է 912 դիմորդ (77,8%), որոնցից 238-ը (ընդունվածների 26,1%-ը)՝ առաջին անվճար հայտով։ Շիրակցի դիմորդներն ամենաշատը դիմել են Շիրակի պետական համալսարան, այնուհետև Երևանի պետական համալսարան։ Նրանց համար ամենապահանջված մասնագիտությունը «Բուժական գործն» է եղել, այնուհետև «ֆինանսները» և «Կառավարումը»։
Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել և ձեռքբերումներով լի ուսումնական տարի է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Հարգելի գործընկերներ, սպասվում է մարտահրավերներով լի ուսումնական տարի այն տեսանկյունից, որ փոփոխություններ կան թե չափորոշիչների, թե դասագրքերի, թե ֆինանսավորման, թե ոլորտի աշխատանքները կարգավորող իրավական ակտերի մեջ։ Սերունդների դաստիարակության բարդ ու պատասխանատու գործը ձեր ուսերին է։ Վստահ եմ՝ այս ամենը հաշվի կառնեք, աշխատանքներին կմոտենաք առավելագույն պատասխանատվությամբ»։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցերի։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։
Անդրադարձ է կատարվել դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը․ «Դպրոցը երեխայի պաշտպանության մի օղակն է, այս տեսանկյունից պետք է դիտարկել յուրաքանչյուր խնդիր և դրա լուծում։ Աշակերտների մասին տեղեկատվությունը միշտ պետք է դիտարկել անձնական տվյալ և զերծ մնալ դրանց հանրայնացումից, սակայն նրանց անձնական կյանքի ու հոգսերի նկատմամբ պետք է առավել հոգատար լինել և խնդիրներ առաջանալու դեպքում անմիջապես դիմել պատկան մարմինների, որոնք կզբաղվեն դրանց լուծմամբ և կյանքի դժվարին վիճակում հայտված երեխաները օր առաջ կգտնեն պաշտպանություն։ Առավել կարևոր է, բնականաբար, ցանկացած խնդրի կանխարգելումը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր, նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments