2024-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 միլիոն 721 հազար 245 զբոսաշրջիկ

ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2024-ին մի շարք ոլորտներում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 9 մլրդ 173 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ: Անցած տարի՝ այս նույն ժամանակահատվածում, 4 մլրդ 507 մլն դոլար էր: Այս մասին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ անդրադառնալով 2024 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում տնտեսական ցուցանիշների մասով ամփոփ վերլուծությունը:

«2024-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ կազմել է 2 մլրդ 52 դոլար, իսկ ներմուծումը կազմել է 7 մլրդ 121 միլիոն դոլար: ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023-ին կազմել էր 8 մլրդ 252 մլն դոլար, ինչը նախորդ տարվա՝ 2022-ի համեմատ, աճել էր 55 տոկոսով: 2023-ին արտահանումն աճել էր 46 տոկոսով՝ կազմելով 3.7 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, իսկ ներմուծումը եղել է 4,5 միլիոն դոլարի շրջանակում»,- տեղեկացրեց Պապոյանը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա 2024-ի հունվար-հունիսին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 26.5 մլն դոլար, նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն ԱՄՆ դոլար:

«2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 1 միլիոն 721 հազար 245 մարդ, ինչը նվազել է շուրջ 7 տոկոսով 2023 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ: Մասնավորապես ռուսաստանի զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է մոտավորապես 741 հազար, ինչը ընդհանուր այցելությունների մեջ կազմել է 43 տոկոս: Նախորդ տարի ընդհանուր այցելությունների մեջ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնաբաժինը 50 տոկոս է եղել»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ գրեթե բոլոր ուղղություններով Հայաստան զբոսաշրջիկների քանակն ավելացել է:

«Ցավոք սրտի, Ռուսաստանից նվազել է: Դա հանգեցրել է նրան, որ բոլոր ուղղությունների մասնաբաժինը մեծացել է: 2023-ին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 2 մլն 316 հազար 666 մարդ, ինչը 2022-ի համեմատ 35 տոկոսով աճ էր կազմել»,- ընդգծեց Պապոյանը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments