33 հայ քաղաքացի դեռ ադրբեջանական գերության մեջ է

Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ։ Այդ մասին ասված է Հայաստանի կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում։ 2022-ի ընթացքում, ըստ կառավարության, հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2020-ի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն ստորագրեցին։ Հայտարարության 8-րդ կետում նշվում է, որ «կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում», սակայն մինչ օրս Ադրբեջանը չի վերադարձրել բոլոր գերիներին։ Ադրբեջանական բանտերում, պահվող հայ գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։ Այսօր հրապարակված զեկույցում Հայաստանի կառավարությունը նշում է, որ Երևանը բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով», – ասված է զեկույցում: Ըստ Երևանի՝ 2022-ին Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:

Աղբյուր `http://parliament.am/draft_docs8/K-522_zekuyc.pdf

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments