44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 3 773 զոհ և 243 անհետ կորած․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ ծրագիրը ներկայացվում է արտառոց պայմաններում: «Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը: Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու կարևոր գործիքն ու հարթակը հունվարի 11-ի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձևավորված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունությունն ակտիվացնելն է և կոնկրոտ արդյունքներ արձանագրելը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ կառավարությունն աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու ՀՀ շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը։ «Իհարկե, սա ամենևին էլ պարզ գործընթաց չէ, և այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական և սադրիչ հայտարարություններով։ Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարծքով միջանցքի ստեղծման մասին։ Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների՝ Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար: Միաժամանակ չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար։ Եվ սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին։ Բայց պետք է պատասխանենք մեկ ուրիշ հարցի՝ իսկ կարո՞ղ է արդյոք այս գործընթացը տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետության շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու։ Սա է, թերևս, ֆունդամենտալ հարցը, որ վախենամ մեր անկախության 30-ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել։ Մեր մեծագույն խնդիրը տարածաշրջանում բարենպաստ միջավայր ստեղծելն է Հայաստանի շուրջ, սա մի հարց է, որը միշտ էլ ձևակերպված է եղել մեր պետական օրակարգում։ Բայց խնդրի գործնական լուծման համատեքստում մենք ուշադրություն չենք դարձրել մի շատ կարևոր հանգամանքի՝ եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար։ Ընդ որում, փոխադարձության սկզբունքով, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Որքան ուզում ենք միջավայրը բարենպաստ լինի Հայաստանի համար, նույնքան Հայաստանը պիտի բարենպաստ դարձնենք միջավայրի համար։ Եթե կուզեք՝ սա մեր ավտանգության ռազմավարական մարտահրավերն է։ Այս պահին ես չեմ առաջարկում շատ կոնկրետ ու գործնական լուծումներ, ընդամենը բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում այս կարևոր առանձնահատկության վրա»,- հայտարարել է վարչապետը։ «ՀՀ կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ասվածի համատեքստում ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է։ «Ինչպե՞ս է ուրեմն կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը։ Այս նպատակին հասնելու համար կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը։ Գործնական առումով ՀՀ կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է՝ զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ ու տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքները, հիշեցնեմ, հետևյալն են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում. «Եվ մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Պիտի հատուկ արձանագրեմ, որ կառավարության ծրագիրը ձևավորված և ձևակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանը առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով։ Եվ կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments