65 «կողմ», 2 «դեմ» ձայներով ՔՊ-ն ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությունը խստացնող նախագիծը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Լիլիթ Մինասյանը։
Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։ Հիմնական փոփոխությունները՝ Դիտորդ կարող են ներկայացնել միայն այն ՀԿ-ներն ու հիմնադրամները, որոնք առնվազն 1 տարի զբաղվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ, քաղաքականորեն չեզոք են, չեն աջակցում թեկնածուների կամ կուսակցությունների և չունեն նրանց հետ ասոցացվող անվանում։ Պարտադիր է հրապարակել գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը և բացահայտել դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը։ Դիտորդների վարքագծի կանոնները պետք է ընդունված լինեն, ուսուցանված և հրապարակվում են ԿԸՀ կայքում։
Դիմումի ներկայացման պահից կազմակերպությունն ու դիտորդները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն, չզբաղվել քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, չարտահայտել կանխակալ դիրքորոշում։ Խախտումների դեպքում ԿԸՀ-ն կարող է մերժել կամ ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը, դիտորդին հանել հավատարմագրված ցանկից, քվեարկության օրը դիտորդին հեռացնել տեղամասից (2/3 քվեով)։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






