Կառավարությունն աջակցություն կտրամադրի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի այն բնակիչներին, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տների բնակիչներին։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում գտնվող եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 1) միանվագ դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300.000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, 2) ամենամսյա դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68.000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ 3) Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն): Գործադիրը հաստատել է նաև Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում» և 10-րդ՝ «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» կետերի ապահովման պահանջից:Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի առաջին կիսամյակի ավարտը կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը։ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից եւ 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից: Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները եւ արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք: «Սահմանել ենք վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական եւ ավագ, ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում եւ խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ, եւ շեշտադրված է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում՝ անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները եւ ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»,- ներկայացրել է Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այն թույլ կտա նաեւ էապես խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որ ծախսում է դպրոցում, նաև երեխայի ժամանակը, եւ դրա շրջանակում ավելի արդյունավետ եւ հետագայում նաեւ հանրային զարգացմանը նպաստելու համար շոշափելի արդյունք ստանալ. «Մենք ընդհանուր առմամբ նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը եւ նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների: Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի պլանի հիման վրա ձեւավորել իրենց սեփական մոտեցումները»: Անդրեասյանը նշեց, որ այն դրսեւորված է հանրակրթության պետական չափորոշչում 7 ուսումնական բնագավառների առանձնացման եւ դրանց շրջանակում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով: «Պահպանվել է նաեւ պետական հստակ քաղաքականությունը՝ պետական պարտադիր բաղադրիչի միջոցով եւ չորս պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, որոնք են հայոց լեզուն եւ գրականությունը, մաթեմատիկան, հայոց պատմությունը եւ օտար լեզուն»,- ասել է փոխնախարարը:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/02/04/Cabinet-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com