ԱԺ-ում շարունակվում է քառօրյան. խորհրդարանը քննարկում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյան: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: Երեկվա նիստին այս նախագծի քննարկումը կիսատ էր մնացել: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելու ընթացքում նշել էր, որ նախագծով վարույթի ամրագրումը էլեկտրոնային է լինելու: «Արդեն մրցույթում հաղթող ընկերություն կա, որը մշակում է այն էլեկտրոնային ծրագիրը, որը թվայնացնելու է նախաքննության փուլը: Այսինքն՝ երբ աշխատանքի ծավալը ավելացնում ենք, մենք միաժամանակ նաև մտածում ենք, թե ինչպես իրավակիրառի ծանրաբեռնվածությունը թեթևացնենք: Դրանցից մեկը նախաքննության թվայնացումն է»: Բադասյանը նաև ասաց, որ առաջին անգամ, որպես քրեական դատավարության սկզբունք, ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը: «Մեր հանրությունը հիմա բավական նյարդային վիճակում հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննությունը այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրականացնում են իրավունքի չարաշահում: Նույնանման միջնորդություններով, նույնանման վարքագծով ամեն կերպ հասնում են արդարադատության իրականացման հետաձգմանը: Օրինակ՝ գործող նախագծով արդեն ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը և հնարավորություն է տրվում իրավունքի չարաշահման արգելքի դեպքում կիրառել սանկցիա»: Բադասյանը հիշեցրեց, որ եթե ծավալուն քրեական գործերի դեպքում դատավորը փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է: «Նոր նախագիծը հնարավորություն է տալիս պահեստային դատավորի գաղափարը ներդնել, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել: Նախարարի խոսքով՝ գործառույթների հստակ տարանջատում է նախատեսվում: «Առաջարկվում է, որ դատախազը հստակ պատասխանատվություն կրի քրեական հետապնդման հարուցման, դադարեցման, օրինականության վերահսկողության համար, քննիչը գործի նախաքննության արդյունավետության համար, հետաքննության մարմինը՝ գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասով»: Նախագծով կներդրվի նաև փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments