Կառավարությունը հավանություն է տվել 2020-ի բյուջեի կատարման հաշվետվությանը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը կներկայացվի Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: «ՀՀ տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը: 2019 թվականի վերելքը հնարավորություն տվեց ծախսային քաղաքականության համար նախատեսված միջոցները վերանայել»,- ասել է Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են ամենաարագ աջակցությունը՝ հաշվի առնելով տնտեսական անկման կանխատեսումը: Ըստ նախարարի, ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են: Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ բացթողումներ չէին կարող չլինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից», – ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել: Ըստ վարչապետի, սա արձանագրված փաստ է: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին և ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հավաքվել է հիմնադրամի ստեղծման օրից մինչև այժմ հավաքված գումարների շուրջ 70 տոկոսը: Վարչապետը նշել է, որ Արցախում ՀՀ կառավարությունը համահայկական հիմնադրամի հետ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնելու է 110 մլրդ դրամի ծրագիր, ինչն ավելի մեծ է, քան հիմնադրամի կողմից Արցախում 29 տարվա ընթացքում կատարվածը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments