«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆԻ

ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ

Խմբագրական անկախության, մասնագիտական էթիկայի և հանրային պատասխանատվության սկզբունքներ

Dialogue Media Center

Վերջին թարմացում՝ 2 սեպտեմբերի, 2026 թ.


ՆԱԽԱԲԱՆ

«Երկխոսության» մեդիա կենտրոնը, կարևորելով հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը, ազատ խոսքը, բազմակարծությունը, հանրային երկխոսությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ընդունում է սույն Էթիկական սկզբունքների և մասնագիտական վարքականոնը։

Մեդիա կենտրոնը գիտակցում է իր պատասխանատվությունը հանրության, լսարանի, գործընկերների, բանախոսների, տեղեկատվության աղբյուրների և ֆինանսավորող կազմակերպությունների նկատմամբ և պարտավորվում է իր գործունեությունն իրականացնել մասնագիտական ու էթիկական բարձր չափանիշներին համապատասխան։

Սույն վարքականոնը տարածվում է «Երկխոսության» մեդիա կենտրոնի աշխատակիցների, լրագրողների, խմբագիրների, հաղորդավարների, մոդերատորների, կոնտենտ ստեղծողների և Կենտրոնի անունից մեդիա գործունեություն իրականացնող այլ անձանց վրա։

Վարքականոնը կիրառվում է Կենտրոնի կողմից ստեղծվող կամ տարածվող լրագրողական և մեդիա բովանդակության, հանրային քննարկումների, բանավեճերի, ասուլիսների, հարցազրույցների, փոդքաստների, ռեպորտաժների, սոցիալական հոլովակների, տեսանյութ-հարցումների (vox-pop), հոդվածների, ուղիղ հեռարձակումների, սոցիալական մեդիայի հրապարակումների և այլ հանրային հաղորդակցության ձևերի նկատմամբ։


1. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

1.1. Առաքելություն

«Երկխոսության» մեդիա կենտրոնի առաքելությունն է ստեղծել և պահպանել անկախ, բաց և հասանելի հարթակ՝ հանրային նշանակություն ունեցող հարցերի շուրջ տեղեկացված, բազմակարծ և կառուցողական երկխոսության համար։

1.2. Հանրային դեր

Կենտրոնը ձգտում է հանրությանը տրամադրել հավաստի և ստուգված տեղեկատվություն, ներկայացնել հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ, լսելի դարձնել քաղաքացիական հասարակության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական ուժերի, բիզնես համայնքի, փորձագիտական շրջանակների, նախաձեռնող խմբերի և քաղաքացիների ձայնը, ինչպես նաև նպաստել հաշվետվողականությանը, թափանցիկությանը, հանրային մասնակցությանը և տեղեկացված որոշումների կայացմանը։

1.3. Հիմնական արժեքներ

Կենտրոնն առաջնորդվում է ճշգրտության, հավաստիության, անկախության, անկողմնակալության, բազմակարծության, փաստերի և կարծիքների տարանջատման, հանրային շահի, մարդու արժանապատվության, թափանցիկության, հաշվետվողականության և խտրականության ու ատելության խոսքի մերժման սկզբունքներով։


2. ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

2.1. Տեղեկատվության ստուգում

Մինչև նյութի հրապարակումը կամ հեռարձակումը պետք է ողջամիտ հնարավորությունների սահմաններում ստուգել տեղեկատվության հավաստիությունը և չհրապարակել ակնհայտ կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ։

2.2. Չհաստատված տեղեկություն

Եթե հանրային նշանակություն ունեցող տեղեկությունը բոլոր հնարավոր ողջամիտ միջոցներով ամբողջությամբ չի հաջողվել հաստատել, այդ հանգամանքը պետք է հստակ ներկայացվի լսարանին։

2.3. Փաստերի և կարծիքների տարանջատում

Փաստերը պետք է հստակ տարանջատվեն կարծիքներից, մեկնաբանություններից, գնահատականներից և վերլուծություններից։

2.4. Վերնագրերի և տեսողական նյութերի համապատասխանություն

Վերնագրերը, լուսանկարները, տեսանյութերը, մեջբերումները և հրապարակման այլ տարրերը պետք է համապատասխանեն նյութի իրական բովանդակությանը և չստեղծեն մոլորեցնող տպավորություն։

2.5. Աղբյուրների ստուգում

Հնարավորության դեպքում տեղեկատվությունը պետք է ստուգվի մեկից ավելի անկախ և վստահելի աղբյուրներով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անունների, պաշտոնների, թվերի, ամսաթվերի, իրավական ակտերի և այլ ստուգելի տվյալների ճշտությանը։


3. ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

3.1. Տարբեր տեսակետների ներկայացում

Կենտրոնը խրախուսում է կարծիքների ազատ փոխանակումը և ձգտում է հանրային նշանակություն ունեցող հարցերի շուրջ ներկայացնել տարբեր և, անհրաժեշտության դեպքում, հակադիր տեսակետներ։

3.2. Կենտրոնի և երրորդ կողմերի դիրքորոշումների տարանջատում

Կենտրոնը որևէ քաղաքական ուժի, պետական մարմնի, ՀԿ-ի, բիզնեսի, դոնորի, գործընկեր կազմակերպության կամ անհատի տեսակետը չի ներկայացնում որպես սեփական դիրքորոշում, եթե այդ մասին հստակ նշում չկա։

3.3. Մասնակիցների ընտրություն

Քննարկումների և բանավեճերի մասնակիցների ընտրությունը հիմնվում է թեմայի համապատասխանության, մասնագիտական կամ հանրային դերակատարության և տեսակետների բազմազանության ապահովման սկզբունքների վրա։

3.4. Հրավիրված կողմի բացակայություն

Եթե քննարկման համար հրավիրված կողմերից որևէ մեկը հրաժարվում է մասնակցել, անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկացվում է լսարանին։


4. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ԵՎ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

4.1. Նպատակ

Կենտրոնի կազմակերպած քննարկումների և բանավեճերի նպատակն է նպաստել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի բովանդակային, փաստահեն և քաղաքակիրթ քննարկմանը։

4.2. Մոդերատորի պատասխանատվություն

Մոդերատորը պարտավոր է հավասար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել մասնակիցների նկատմամբ, հնարավորության սահմաններում ապահովել խոսքի հավասար հնարավորություն, չպարտադրել սեփական քաղաքական կամ անձնական դիրքորոշումը, հարցերը ձևակերպել հստակ և առանց կանխակալության, կանխել անձնական վիրավորանքները, սպառնալիքները, ատելության խոսքը և խտրական արտահայտությունները։

4.3. Քննարկման կանոններ

Կենտրոնը կարող է սահմանել քննարկման կամ բանավեճի նախապես հրապարակված կանոններ՝ խոսքի տևողության, հերթականության, հարցերի և պատասխանների ձևաչափի վերաբերյալ։

4.4. Բանախոսների դիրքորոշումները

Բանախոսների արտահայտած կարծիքներն ու դիրքորոշումները պատկանում են նրանց և ինքնաբերաբար չեն արտահայտում «Երկխոսության» մեդիա կենտրոնի տեսակետը։


5. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐ

5.1. Քաղաքական բազմակարծություն

Նախընտրական շրջանում Կենտրոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում քաղաքական բազմակարծության, հավասար հնարավորությունների և ընտրողների տեղեկացված ընտրության ապահովմանը։

5.2. Մասնակցության չափանիշներ

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թեկնածուների մասնակցությամբ բանավեճերի կազմակերպման չափանիշները պետք է լինեն հնարավորինս հստակ, արդար և նախապես սահմանված։

5.3. Հավասար պայմաններ

Միևնույն ձևաչափի շրջանակում մասնակիցների նկատմամբ կիրառվում են նույն հիմնական պայմաններն ու կանոնները։

5.4. Մոդերատորի անկողմնակալություն

Մոդերատորը չի կարող իր վարքով, հարցերի ձևակերպմամբ կամ խոսքի ժամանակի բաշխմամբ անհիմն առավելություն կամ անբարենպաստ պայման ստեղծել որևէ մասնակցի համար։

5.5. Վճարովի քաղաքական բովանդակություն

Վճարովի քաղաքական բովանդակությունը, եթե այն թույլատրված է օրենսդրությամբ, պետք է հստակ տարանջատված և մակնշված լինի որպես վճարովի կամ հովանավորվող բովանդակություն և չներկայացվի որպես անկախ խմբագրական նյութ։


6. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

6.1. Խմբագրական անկախություն

Կենտրոնի խմբագրական որոշումները անկախ են քաղաքական, տնտեսական, կրոնական, բիզնես կամ այլ մասնավոր շահերից։

6.2. Ֆինանսավորման աղբյուրներ

«Երկխոսության» մեդիա կենտրոնի գործունեության հիմնական ֆինանսավորումն ապահովվում է միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։ Կենտրոնին առանձին ծրագրերի, միջոցառումների կամ ծառայությունների շրջանակում կարող են աջակցել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ գործընկերներ։

6.3. Ֆինանսավորողի չմիջամտելու սկզբունք

Ֆինանսավորման կամ աջակցության փաստը որևէ դոնորի, գործընկեր ՀԿ-ի, հովանավորի, գովազդատուի կամ ծառայության պատվիրատուի իրավունք չի տալիս միջամտելու Կենտրոնի խմբագրական որոշումներին, պահանջելու փաստերի խեղաթյուրում, հակադիր տեսակետի անհիմն բացառում կամ հանրային շահին հակասող բովանդակության տարածում։

6.4. Ֆինանսավորման աղբյուրի նշում

Ծրագրային կամ ֆինանսական աջակցությամբ պատրաստված նյութերի դեպքում ֆինանսավորման աղբյուրը նշվում է, երբ դա պահանջվում է պայմանագրով, օրենքով կամ անհրաժեշտ է լսարանի համար թափանցիկությունն ապահովելու նպատակով։

6.5. Հանրային թափանցիկություն

Կենտրոնը ձգտում է հանրությանը հասանելի ձևով ներկայացնել իր հիմնական ֆինանսավորման աղբյուրներն ու գործընկերությունները՝ պահպանելով պայմանագրային և իրավական պարտավորությունները։


7. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ, ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՏՎԵՐՈՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

7.1. Վճարովի մեդիա և հաղորդակցական ծառայություններ

Կենտրոնը կարող է մատուցել վճարովի մեդիա և հաղորդակցական ծառայություններ՝ քննարկումների, ասուլիսների, հարցազրույցների, ուղիղ հեռարձակումների, փոդքաստների, սոցիալական հոլովակների, ռեպորտաժների, տեսանյութ-հարցումների (vox-pop), հոդվածների և այլ մեդիա արտադրանքի պատրաստման կամ տեխնիկական ապահովման համար։

7.2. Պատվիրատուի ազդեցության սահմանափակում

Վճարովի ծառայության մատուցումը պատվիրատուին չի տալիս Կենտրոնի անկախ խմբագրական քաղաքականության վրա ազդելու իրավունք։

7.3. Բովանդակության հստակ տարանջատում

Դոնորական ծրագրով, գործընկեր կազմակերպության աջակցությամբ, պատվերով, հովանավորվող կամ գովազդային հիմքով պատրաստված բովանդակությունը պետք է հստակ տարանջատվի անկախ խմբագրական բովանդակությունից և, ըստ անհրաժեշտության, համապատասխան կերպով մակնշվի։ Լսարանի համար պետք է հնարավոր լինի հասկանալ նյութի ստեղծման կամ տարածման ֆինանսական կամ գործընկերային հիմքը։

7.4. Համագործակցությունից հրաժարվելու իրավունք

Կենտրոնը կարող է հրաժարվել այնպիսի պատվերից կամ համագործակցությունից, որը հակասում է իր առաքելությանը, արժեքներին, սույն վարքականոնին կամ ՀՀ օրենսդրությանը։

7.5. Դոնորական ծրագրով պատրաստված նյութ

Դոնորական ծրագրով պատրաստված նյութ է համարվում այն բովանդակությունը, որի ստեղծումը ֆինանսավորվում է միջազգային կամ այլ դոնոր կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նման նյութի դեպքում, երբ դա նախատեսված է պայմանագրով կամ անհրաժեշտ է թափանցիկության համար, նշվում է ֆինանսավորող կազմակերպությունը և կիրառվում է համապատասխան պատասխանատվության կամ բովանդակության վերաբերյալ նշումը (disclaimer)։

Դոնորի աջակցությունը չի նշանակում, որ նյութում արտահայտված տեսակետները դոնորի տեսակետներն են։

7.6. Գործընկերային աջակցությամբ պատրաստված նյութ

Գործընկեր ՀԿ-ի կամ այլ կազմակերպության աջակցությամբ պատրաստված նյութ է համարվում այն բովանդակությունը, որի կազմակերպմանը, արտադրությանը կամ տարածմանը գործընկերը տրամադրել է ֆինանսական, կազմակերպչական կամ այլ աջակցություն։

Այդ աջակցությունը, երբ այն էական է նյութի ընկալման համար, պետք է ներկայացվի լսարանին թափանցիկ ձևով։

Գործընկերությունը չի տալիս բովանդակության նկատմամբ խմբագրական վերահսկողության իրավունք։

7.7. Պատվերով կամ վճարովի ծառայության շրջանակում պատրաստված նյութ

Պատվերով կամ վճարովի ծառայության շրջանակում պատրաստված նյութ է համարվում այն բովանդակությունը, որի արտադրության, տեխնիկական ապահովման կամ տարածման համար պատվիրատուն վճարում է Կենտրոնին։

Այդպիսի համագործակցությունը չի կարող ներկայացվել որպես անկախ խմբագրական նախաձեռնություն, եթե նյութի բնույթը կամ պայմանները կարող են լսարանի մոտ այլ տպավորություն ստեղծել։

7.8. Գովազդային կամ հովանավորվող նյութ

Գովազդային կամ հովանավորվող նյութը պետք է հստակ ճանաչելի լինի որպես գովազդ, հովանավորվող նյութ կամ համապատասխան այլ ձևակերպմամբ բովանդակություն և չպետք է ձևավորվի այնպես, որ լսարանը այն շփոթի անկախ լրագրողական նյութի հետ։

7.9. Անկախ խմբագրական նյութ

Անկախ խմբագրական նյութ է համարվում այն բովանդակությունը, որի թեմայի, մասնակիցների, հարցերի, շեշտադրումների, վերնագրի և հրապարակման վերաբերյալ վերջնական որոշումները կայացնում է «Երկխոսության» մեդիա կենտրոնը՝ առանց արտաքին կողմի խմբագրական միջամտության։

7.10. Ընդհանուր մասնագիտական չափանիշներ

Անկախ այն հանգամանքից, թե նյութը ստեղծվել է դոնորական ծրագրով, գործընկերային աջակցությամբ կամ վճարովի ծառայության շրջանակում, Կենտրոնը չի հրապարակում ակնհայտ կեղծ, մոլորեցնող, խտրական կամ իր մասնագիտական ու էթիկական սկզբունքներին հակասող բովանդակություն և պահպանում է փաստերի ստուգման, մարդու իրավունքների և հեղինակային իրավունքի պահանջները։

7.11. Շահերի հնարավոր բախման բացահայտում

Եթե ֆինանսավորող, գործընկեր կամ պատվիրատու կազմակերպությունը նաև տվյալ նյութի թեմայի անմիջական շահագրգիռ կողմ է, Կենտրոնը գնահատում է հնարավոր շահերի բախումը և անհրաժեշտության դեպքում այդ հանգամանքը բացահայտում է լսարանին։


8. ՄԵԴԻԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

8.1. Ընդհանուր չափանիշներ

Սոցիալական հոլովակները, ռեպորտաժները, տեսանյութ-հարցումները (vox-pop), հոդվածները, փոդքաստները և այլ նյութերը պատրաստվում են ճշգրտության, հավասարակշռության, մարդու արժանապատվության և հանրային շահի սկզբունքներին համապատասխան։

8.2. Vox-pop ձևաչափ

Vox-pop ձևաչափում հարցվողների ընտրությունը չպետք է ներկայացվի որպես գիտական կամ ներկայացուցչական հարցման արդյունք, եթե տվյալ ընտրանքը այդպիսի մեթոդաբանությամբ չի ձևավորվել։

Նյութում անհրաժեշտության դեպքում պարզաբանվում է, որ ներկայացված կարծիքները հարցված անձանց տեսակետներն են։

8.3. Մոնտաժ

Ռեպորտաժներում և տեսանյութերում մոնտաժը չպետք է փոխի իրադարձության կամ խոսքի իմաստը, ստեղծի կեղծ տպավորություն կամ դիտավորյալ մոլորեցնի լսարանին։

8.4. Հղումներ աղբյուրներին

Հոդվածներում և վերլուծական նյութերում օգտագործված առանցքային փաստերը պետք է հնարավորինս հղում ունենան վստահելի աղբյուրներին։

8.5. Կարճ ձևաչափեր

Սոցիալական հոլովակների կարճ ձևաչափը չի ազատում Կենտրոնին ճշգրտության և համատեքստի պահպանման պարտավորությունից։ Կրճատումները չպետք է խեղաթյուրեն խոսքի կամ իրադարձության իմաստը։


9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

9.1. Աղբյուրի նշում

Հնարավորության դեպքում Կենտրոնը նշում է հրապարակվող տեղեկատվության աղբյուրը։

9.2. Անանուն և խորհրդապահական աղբյուրներ

Անանուն կամ խորհրդապահական աղբյուրները կիրառվում են այն դեպքերում, երբ տեղեկատվությունը հանրային նշանակություն ունի և այն այլ եղանակով ստանալը դժվար կամ անհնար է։

9.3. Աղբյուրի գաղտնիություն

Եթե Կենտրոնը պարտավորվել է պահպանել աղբյուրի գաղտնիությունը, այդ պարտավորությունը պետք է հարգվի։

9.4. Հեղինակային իրավունք

Կենտրոնը հարգում է հեղինակային իրավունքը, նշում է օգտագործված աղբյուրները և չի հանդուրժում գրագողությունը։


10. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

10.1. Անձի իրավունքների հարգում

Կենտրոնը հարգում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի, արժանապատվության, պատվի, հեղինակության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

10.2. Մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություն

Մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություն կարող է հրապարակվել միայն այն դեպքում, երբ դրա համար առկա է հիմնավոր հանրային շահ կամ անձի համաձայնությունը։

10.3. Խոցելի խմբեր

Հատուկ զգուշություն և նրբանկատություն է ցուցաբերվում երեխաների և այլ խոցելի անձանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս։

10.4. Անմեղության կանխավարկած

Կենտրոնը պահպանում է անմեղության կանխավարկածը և անձին հանցագործության համար մեղավոր չի ներկայացնում մինչև օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտի առկայությունը։


11. ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԲԱՑԱՌՈՒՄ

11.1. Խտրականության մերժում

Կենտրոնը չի տարածում և չի խրախուսում մարդկանց նկատմամբ խտրականություն կամ թշնամանք որևէ անձնական հատկանիշի կամ կարգավիճակի հիմքով։

11.2. Ատելության խոսք

Ատելության խոսքը չի կարող արդարացվել բազմակարծության կամ կարծիքի ազատության սկզբունքով։

11.3. Ուղիղ հեռարձակում

Ուղիղ հեռարձակման ընթացքում ատելության խոսքի, բռնության կամ այլ ապօրինի գործողությունների կոչերի դեպքում մոդերատորը կամ պատասխանատու աշխատակիցը կարող է միջամտել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել համապատասխան խոսքը կամ հեռարձակումը։


12. ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ

12.1. Սխալների ընդունում և ուղղում

Կենտրոնը ընդունում է սեփական սխալները և դրանք հայտնաբերելու դեպքում հնարավորինս արագ ուղղում է։

12.2. Էական փաստական սխալներ

Էական փաստական սխալի ուղղումը պետք է կատարվի այնպես, որ լսարանի համար հասկանալի լինի, թե ինչ տեղեկություն է փոփոխվել կամ ճշտվել։

12.3. Պատասխանի հնարավորություն

Այն անձինք և կազմակերպությունները, որոնց հասցեին Կենտրոնի հրապարակումներում հնչել են էական քննադատություն կամ մեղադրանքներ, պետք է ողջամիտ հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց դիրքորոշումը կամ պատասխանը։


13. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԵՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

13.1. Պաշտոնական էջերի կառավարում

Կենտրոնի պաշտոնական սոցիալական մեդիայի էջերը վարում են միայն համապատասխան լիազորություն ունեցող անձինք։

13.2. Սոցիալական մեդիայի բովանդակություն

Սոցիալական մեդիայում հրապարակվող բովանդակության նկատմամբ կիրառվում են ճշգրտության, հեղինակային իրավունքի, մարդու իրավունքների և սույն վարքականոնի մյուս սկզբունքները։

13.3. Անձնական և պաշտոնական դիրքորոշումներ

Կենտրոնի աշխատակիցները պետք է տարբերակեն իրենց անձնական դիրքորոշումները Կենտրոնի պաշտոնական դիրքորոշումից։

13.4. Մեկնաբանությունների մոդերացիա

Կենտրոնն իրավունք ունի մոդերացնել իր առցանց հարթակներում հրապարակվող մեկնաբանությունները՝ սահմանափակելով ատելության խոսքը, սպառնալիքները, վիրավորանքը, անձնական տվյալների ապօրինի հրապարակումը, սպամը և ակնհայտ ապատեղեկատվությունը։


14. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

14.1. ԱԲ-ն՝ որպես օժանդակ գործիք

Արհեստական բանականության գործիքները կարող են օգտագործվել որպես լրագրողական և ստեղծագործական աշխատանքի օժանդակ միջոց, սակայն չեն փոխարինում լրագրողի կամ խմբագրի մասնագիտական պատասխանատվությանը։

14.2. ԱԲ-ով ստացված տեղեկությունների ստուգում

ԱԲ-ի միջոցով ստացված փաստական տեղեկությունները չեն կարող հրապարակվել առանց անկախ և վստահելի աղբյուրներով ստուգման։

14.3. Գաղտնի և անձնական տվյալներ

Չի թույլատրվում ԱԲ գործիքներին փոխանցել գաղտնի, զգայուն, չհրապարակված կամ անձնական տվյալներ, եթե դրանց պաշտպանության համապատասխան երաշխիքներ չկան։

14.4. ԱԲ-ով ստեղծված կամ փոփոխված նյութ

ԱԲ-ի միջոցով էականորեն ստեղծված կամ փոփոխված լուսանկարի, տեսանյութի, ձայնագրության կամ այլ նյութի դեպքում լսարանը պետք է հստակ տեղեկացվի այդ մասին, եթե դրա չնշումը կարող է մոլորեցնել հանրությանը։

14.5. Իրական անձանց կեղծ ներկայացման արգելք

ԱԲ-ի կիրառումը չի կարող օգտագործվել իրական անձի խոսքը, գործողությունը կամ դիրքորոշումը կեղծ ձևով ներկայացնելու համար։


15. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

15.1. Անկախ մասնագիտական որոշումներ

Կենտրոնի աշխատակիցները պարտավոր են խուսափել այնպիսի անձնական, քաղաքական, ֆինանսական կամ այլ շահերից, որոնք կարող են ազդել կամ ողջամտորեն ընկալվել որպես ազդեցություն իրենց մասնագիտական որոշումների վրա։

15.2. Շահերի բախման մասին տեղեկացում

Հնարավոր շահերի բախման դեպքում աշխատակիցը պարտավոր է դրա մասին տեղեկացնել պատասխանատու ղեկավարին։

15.3. Մասնակցությունից հրաժարվելու իրավունք

Լրագրողը կամ մոդերատորը կարող է հրաժարվել կոնկրետ նյութի կամ քննարկման պատրաստումից, եթե առկա է իրական կամ ակնհայտ շահերի բախում։

15.4. Նվերներ և առավելություններ

Կենտրոնի աշխատակիցները չպետք է ընդունեն այնպիսի նվերներ, արտոնություններ կամ այլ առավելություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրանց մասնագիտական անկախությունը։


16. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.1. Համատեքստի պահպանում

Լուսանկարներն ու տեսանյութերը չպետք է օգտագործվեն մոլորեցնող համատեքստում։

16.2. Բովանդակային միջամտություն

Լուսանկարի, տեսանյութի կամ ձայնագրության բովանդակային նշանակությունը փոխող տեխնիկական միջամտության դեպքում անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել լսարանին։

16.3. Այլ հեղինակների նյութերի օգտագործում

Այլ հեղինակների լուսանկարներ, տեսանյութեր, երաժշտություն կամ այլ ստեղծագործություններ օգտագործելիս պահպանվում են հեղինակային իրավունքի պահանջները և նշվում է աղբյուրը։

16.4. Հարցազրույցների խմբագրում

Տեսաձայնագրված հարցազրույցների խմբագրումը չպետք է փոխի կամ խեղաթյուրի զրուցակցի արտահայտած մտքի իմաստը։


17. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

17.1. Գործունեության թափանցիկություն

Կենտրոնը ձգտում է հնարավորինս թափանցիկ ներկայացնել իր գործունեությունը, ֆինանսավորման հիմնական աղբյուրները և գործընկերությունները։

17.2. Հետադարձ կապ

Կենտրոնը պատրաստ է լսել իր լսարանի դիտողությունները, քննադատությունները և առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում վերանայել իր մասնագիտական գործելակերպը։

17.3. Բողոքներ և էթիկական հարցեր

Կենտրոնի գործունեության վերաբերյալ բողոքները կամ էթիկական հարցերը քննվում են արդար, պատասխանատու և հնարավորինս թափանցիկ ընթացակարգով։


18. ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

18.1. Վարքականոնի կիրառություն

Կենտրոնի աշխատակիցները ծանոթանում են սույն վարքականոնին և իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առաջնորդվում դրա սկզբունքներով։

18.2. Հնարավոր խախտումների քննարկում

Վարքականոնի հնարավոր խախտումները քննարկվում են Կենտրոնի ղեկավարության և համապատասխան աշխատակցի մասնակցությամբ՝ հաշվի առնելով խախտման բնույթը, հանգամանքները և հետևանքները։

18.3. Վերապատրաստում

Կենտրոնը խրախուսում է աշխատակիցների պարբերական վերապատրաստումը լրագրողական էթիկայի, փաստերի ստուգման, թվային անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության, ատելության խոսքի, սոցիալական մեդիայի և ԱԲ-ի պատասխանատու օգտագործման թեմաներով։

18.4. Վերանայում և թարմացում

Սույն վարքականոնը պարբերաբար վերանայվում և անհրաժեշտության դեպքում թարմացվում է՝ հաշվի առնելով մասնագիտական չափանիշների, տեխնոլոգիաների, օրենսդրության և մեդիա միջավայրի փոփոխությունները։


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

«Երկխոսության» մեդիա կենտրոնը համոզված է, որ վստահելի մեդիան և բաց հանրային երկխոսությունը հնարավոր են միայն մասնագիտական պատասխանատվության, անկախության, բազմակարծության, ճշգրտության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պայմաններում։

Սույն վարքականոնի ընդունմամբ Կենտրոնը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ծառայելու հանրային շահին և պահպանելու հանրության վստահությունը։

Էլ. փոստ՝ dialoguemediacenter@gmail.com
Հեռախոս՝ +374 98 691 690