Հուսով ենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել. Փաշինյան
Հուսով ենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել. Փաշինյան Վլադիվոստոկում մեկնարկել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իզվեստիան»-ի հաղորդմամբ նիստին մասնակցում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն և Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլեյնը, ինչպես նաև Համաչինական Ազգային Ժողովրական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Չժանշուն։ Միջոցառումը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 8:00-ին, սակայն մեկնարկը հետաձգվել է Ռուսաստանի ղեկավարի և Մյանմայի վարչապետի առանձնազրույցի ձգձգման պատճառով։ Աղբյուրը հայտնում է, որ այսօր Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ հանդիպումներ կունենա այլ օտարերկրյա հյուրերի հետ։ Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությանը և այդ հարցում Մոսկվայի դերակատարմանը։ «Մենք երկխոսություն ենք սկսել Թուրքիայի հետ։ Մենք հուսով ենք նաև Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինտեսնիվ երկխոսություն է ընթանում Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդ համատեքստում ևս մենք Ռուսաստանի աջակցությունն ենք ակնկալում՝ ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, այլ նաև որպես Ադրբեջանի շատ սերտ գործընկերոջ»,- ասել է Փաշինյանը։ Նա նաև խոսել է ՌԴ-ի դերակատարումից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։ «Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերակատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։ «Այնուհետև մենք Մոսկվայում հունվարին ստորագրեցինք եռակողմ հայտարարություն աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ երկրների փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցով։ Այդ ծրագրի միտքը նրանում է, որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ է ստանալու Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ տրանսպորտային ուղիներ կստանա Հայաստանի տարածքով»,- ասել է Փաշինյանը։ Գլոբալ առումով, ըստ նրա, սա հնարավորություն է՝ բացել նոր միջազգային առևտրային ուղիներ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է դրանում և հույս ունի մոտ ապագայում լուծել այդ խնդիրը։ Նա նշել է, որ աշխատանքներում կա առաջընթաց, սակայն բոլոր հարցերը դեռ լուծված չեն։ «Քանի որ պետք է իրավաբանական հարցերը լուծել, թե ինչ իրավաբանական կարգավորմամբ են աշխատելու այդ ճանապարհները։ Դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որով անցնում են։ Մենք հուսով ենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը, որը մենք, ի դեպ, անվանում ենք Հայկական խաչմերուկ ծրագիր։ Ես կարծում եմ՝ այս ծրագիրը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլև Ռուսաստանի, Հեռավոր Արևելքի, նաև՝ Մերձավոր Արևելքի»,- նշել է ՀՀ վարչապետը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com