ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցումը

Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: Ըստ աղբյուրի՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։ Նշվում է, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։ «Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/11/03/arm_az/11715

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments