Դատախազությունը Պեմզաշենում տեղի ունեցածի որոշ մանրամասներ է հրապարակել

Գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է հրապարակել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նախօրեին տեղի ունեցածի վերաբերյալ: Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Պեմզաշենի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում հաղորդում է ստացվել նոյեմբերի 9-ին ժամը 12:28-ին: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշենի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 31-ամյա Զ.Մ-ի և նրա երեխաների՝ 12-ամյա Կ.Մ-ի և 8-ամյա Ս.Մ-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: «Դեպքի վայրի զննությամբ նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում», – մանրամասնում է Դատախազությունը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ-ին, Կ.Մ-ին և Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին: Կատարվում են քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: «Գլխավոր դատախազությունը հանրությանը պարբերաբար կտեղեկացնի վարույթի ընթացքի վերաբերյալ և հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով և կարող են խուճապի ու տագնապի պատճառ հանդիսանալ», – ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8788/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments