«Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ»․ Փաշինյան

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել եւս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասել է Փաշինյանը։ Օգտվելով առիթից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակել է Փաշինյանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments