Իրադրությունը սահմանին շարունակում է մնալ լարված. Փաշինյան
Իրադրությունը սահմանին շարունակում է մնալ լարված, այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ընդգծել է, որ հումանիտար բեռների մատակարարումների համար բանակցություններում ու քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝ առանց մանրամասնելու, թե խոսքն ինչ բանակցությունների մասին է, ովքեր են դրանց մասնակցում։ Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: «Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները: Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումն է, որը երաշխավորում է մեր երկրների, մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար»,- նշել է վարչապետը: Փաշինյաննը նդգծել է , որ այսօր նաև այդ իմաստով հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը․ «Ինչի ուղղությամբ շարունակելու ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»:
https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2023/09/14/Cabinet-meeting-Speech/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com