Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրի երկամսյա սոցիալական աջակցություն
Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը։ Նախագիծն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը նշել է, որ նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։ «Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավել դրամական միջոց ունեցող անձինք»,- ասել է նախարարը: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև բռնի տեղահանումը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձինք։ Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Ներկայացնելով նախագիծը Կառավարության նիստում՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է՝ 24-ժամյա հսկողություն իրականացնելու խնդիր կա։
«Առաջարկում ենք Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայողին իրավունք է տրվելու իրավախախտման դեպքում արձանագրել իրավախախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և տուգանք նշանակել, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել։ Առաջարկում ենք «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի և ազգային պարկերի ՊՈԱԿ-ների հաստիքները առանձնացնել և 1176 հաստիքային միավորով ծառայություն հիմնել»,- ասաց Սիմիդյանը։ Նրա խոսքով՝ ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։ Սիմիդյանը հավելել է, որ 2024 թվականին ամբողջապես կավարտվի ծառայության հիմնումը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով, քանի որ ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը: «Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկիի ձեթի արտահանման նկատմամբ»,– նշված է նախագծում։ Որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։ Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Գործող կարգով 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց խմբի համար տարիքային միջակայքը կփոփոխվի և տարիքային շեմ կսահմանվի 28 տարեկանը:
https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/11/09/Cabinet-meeting/
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com