Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ լիիրավ անդամակցությունն է. հռչակագիր

Բրյուսելում «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո օրերս կայացած Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովում Հռչակագիր է ընդունել : Հռչակագրի տեքստը ներկայացնում ենք ստորև. «Մենք, «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովի մասնակիցներս Հայաստանի Հանրապետության Եվրոպային ինտեգրվելու հեռանկարը հռչակո՛ւմ ենք ռազմավարական։ Մենք ջատագովելու ենք Եվրամիությանը Հայաստանի համապարփակ ինտեգրմանը, առաջատար նորարարական տեխնոլոգիաների երկուստեք եւ փոխշահավետ փոխանակմանն ու զարգացմանը, տնտեսվարման մշակույթի, փորձի եւ հմտությունների փոխառմանը, եվրոպական շուկաներ Հայաստանի արտադրողների մուտք գործելուն եւ դեպի Հայաստան եվրոպական ներդրումների հոսքի ծավալմանը։ Մենք նաեւ հետամուտ ենք լինելու, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն եվրաինտեգրմանը միտված քաղաքականությունը՝ իրականացնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների գերակայության վրա հիմնված ժողովրդավարական բարեփոխումներ։ Ժողովրդավարության, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի մասով Հայաստանի ունեցած այսօրվա բարձր ցուցանիշները պետք է համարվեն մեկնակետ։ ՀԸԳՀ-ն (CEPA)-ն անհրաժեշտ է օր առաջ ամբողջապես կիրարկել եւ ձգտել ավելիին՝ ԵՄ ավելի խորը ինտեգրման հաջորդ փուլերին՝ ընդհուպ մինչև ԵՄ անդամությանը։ Այդ առումով առաջնային կարեւորություն ունեն դատաիրավական բարեփոխումները, համապարփակ եւ ամբողջական լյուստրացիան եւ վեթինգը, ինչպես նաեւ արտաքին առեւտրային կապերի դիվերսիֆիկացիան, ինստիտուտների ամբողջական համապատասխանեցումը ժողովրդավարության պահանջներին։ Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ օր առաջ կնքի առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա նաեւ Հայաստանից Ռուսաստանում արտագնա աշխատող ՀՀ քաղաքացիներին ուղղորդել դեպի ԵՄ։ Անվտանգային ասպարեզում Հայաստանի ուղին եվրատլանտյան ինտեգրումն է, ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաեւ Հնդկաստանի հետ երկկողմ կամ բազմակողմ անվտանգային եւ ռազմական համապարփակ համագործակցության ծավալումը։ Այդ առումով, մենք ողջունում ենք արդեն հիմնադրված ռազմական եւ անվտանգային համագործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Չեխիայի հետ, ինչպես նաեւ ժողովրդավարական արժեքներ դավանող այլ երկրների հետ, որոնց թվում՝ Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ այլն։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը թիրախավորվել է բռնապետությունների կողմից՝ ժողովրդավարական ճանապարհի իր ընտրության, ազատ եւ ինքնիշխան ապրելու իր կամքի համար։ Սակայն Հայաստանի քաղաքակրթական ապագան ժողովրդավար եւ մարդասիրական արժեքներ դավանող երկրների ընտանիքում է եւ մենք լի ենք վճռականությամբ՝ պայքարել այդ ապագայի համար։ Համաժողովում հավաքվածները հռչակում են իրենց կամքը՝ նպաստելու, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում գերակշռեն ժողովրդավար, հանուն Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության պայքար մղելու կամք ցուցաբերող եւ Ռուսաստանի բռնաճնշումների թոթափմանը ջատագով ուժերը։ Մենք զորակցություն ենք հայտնում Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված, հայրենազրկված արցախահայությանը եւ պահանջում ենք Ալիեւի բռնապետական ռեժիմից անհապաղ ապառազմականացնել Արցախը, թույլ տալ այնտեղ ՄԱԿ մանդատ ունեցող խաղաղարար ուժերի եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների տեղակայում, եւ Արցախի հայերի լիարժեք ինքնավարության իրավունքի ճանաչում, որից հետո հնարավոր կդառնա մարդկանց վերադարձը իրենց պատմական բնօրրան։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինայի ինքնիշխան տարածքներ, պահանջում ենք դադարեցնել ինքնիշխան երկրի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմը եւ դուրս բերել նրա տարածքից օկուպացիոն զորքերը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ միանալ Ղրիմի պլատֆորմին։ Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններին դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակել բացառապես երկկողմ ձեւաչափով: Պահանջում ենք նաեւ անզիջում, համարժեք եւ վճռական պայքար տանել Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ Կրեմլից եւ կրեմլահպատակ ուժերի կողմից տարվող պրոպագանդիստական արշավը խափանելու նպատակով: Կոչ ենք անում Եվրոպական Միությանը ականջալուր լինել Հյաստան-Եվրոպա համաժողովի մշակած առաջարկություններին, որոնք ամբողջական տեսքով կուղարկվեն Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներին։ Միաժամանակ կոչ ենք անում Եվրոպական Միությանը՝ հետեւողական եւ պահանջատեր լինել ՀՀ իշխանությունների՝ ԵՄ հետ պարտավորությունների կատարման հարցում: Մենք մտադիր ենք Հայաստան-Եվրոպա համաժողովը դարձնել Հայաստանի եւ Եվրոպայի քաղաքական ուժերի եւ պետական պաշտոնյաների, քաղաքացիական դերակատարների եւ փորձագիտական հանրության հանդիպման եւ երկխոսության մշտական գործող հարթակ։ Ուստիեւ՝ Հայաստանի ռազմավարական ապագան Եվրոպական Միությանը լիիրավ անդամակցությունն է․ Հայաստանի ռազմավարական ապագան եվրատլանտյան անվտանգային համակարգին ինտեգրումն է․ Հայաստանի ռազմավարական ապագան ժողովրդավարության զարգացումն է եւ պաշտպանված մարդու հիմնարար իրավունքները․ Հայաստանի ռազմավարական ապագան քաղաքակիրթ ազգերի ընտանիքին մաս կազմելն է»։ 10 նոյեմբերի 2023թ․, Բրյուսել

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments