Նախընտրական Հայաստան. քաղաքական ուժեր ու դեմքեր-2

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է երկու այլ քաղաքական ուժերի հետ համատեղ («Մայր Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք»), սակայն ոչ դաշինքով, այլ ԲՀԿ-ի անվան տակ։ Սա հասկանալի է խորհրդարան մուտք գործելու անցողիկության շեմի համապատկերում․ կուսակցությունների համար այդ շեմը 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 8 տոկոսը։ Հիշենք, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը եւ իր հիմնադրման ու 2007 թվականին ընտրություններին հաջողությամբ մասնակցելուց ի վեր առաջին անգամ մուտք չգործեց խորհրդարան։

ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թեւանյանն է, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերջին տարիների քաղաքական թիմի հանգուցային գործիչներից մեկը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը ցուցակի 8-րդ հորիզոնականում է։ Վերջինս իր քաղաքական գործունեության տարբեր փուլերում հանդես է եկել քաղաքական տարբեր նախաձեռնություններում եւ գաղափարական առումով քիչ աղերսներ ունի ԲՀԿ-ի հետ։ 

ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է 10 առաջարկ Հայաստանին ծրագրով, որտեղ անդրադարձ կա արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, տնտեսական, սոցիալական, կրթական ոլորտներին։ Անվտանգության առումով այս քաղաքական ուժը որպես հիմնական դաշնակիցներ դիտարկում է Ռուսաստանին ու Իրանին, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում առաջ քաշում երաշխավորների հարցը, դրանցում անպայման դիտարկելով Ռուսաստանին։ Պատահական չէ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է որպես ռուսամետ դաշտի քաղաքական միավոր։

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտի այն ուժերից է, որին կարելի է դասել ոչ հին, ոչ էլ նոր քաղաքական կազմակերպությունների, այլ, այսպես ասած, միջին տարիքի կուսակցությունների շարքին։ Դա այդպես է, եթե հաշվի առնենք, որ այն քաղաքական դաշտում հանդես է եկել տարբեր ձեւաչափերով ու անվանումներով՝ «Սարդարապետ» ու «Համահայկական խորհրդարան» շարժումներ, «Սասնա Ծռեր» խմբավորում ու համանուն կուսակցություն։ Այս քաղաքական ուժը մասնակցել է վերջին երկու խորհրդարանական ընտրություններին (2018-ին՝ «Սասնա Ծռեր» անվանումով), սակայն երկու դեպքում էլ չի հաղթահարել անցողիկ շեմը։

ԱԺԲ-ն արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է գալիս որպես արեւմտամետ, մասնավորապես ամերիկամետ ուժ՝ առաջ քաշելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության գաղափարը։ Կուսակցության գաղափարախոսության մեջ նկատելի են ազգայնականության նշաններ, պատահական չէ, որ այն Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես Խորհրդային Հայաստանի, այլ 1918-1920 թթ․ առաջին հանրապետության իրավահաջորդ՝ համապատասխան սահմաններով։ Ցուցակի առաջին համարը Գեւորգ Կարապետյանն է, սակայն ԱԺԲ-ն որպես վարչապետի թեկնածու դիտարկում է Վարուժան Ավետիսյանին, որը բանտարկված է։ 

«Քոչարի ազգային վերածննունդ եւ ազգի զարթոնք» (Քավազ) կուսակցությունը նորաստեղծ է եւ հանդես է գալիս մի ֆանտաստաիկ գաղափարով․ տարբեր երկրներից (հիմնականում Աֆրիկայից, Ֆիլիպիններից եւ այլն) հրավիրել մասնավոր բանակ (50000-80000 թվաքանակով) եւ ազատագրել Արցախն ու Նախիջեւանը։ Քաղաքական ուժը ընտրություններին մասնակցում է ազգային վերածննդի գաղափարներով՝ ազգային արժեքների պաշտպանություն, ազգային բանակի ու անվտանգության համակարգի ձեւավորում, ինքնիշխան պետության ամրապնդում։

Կուսակցության ցուցակի առաջին համարը Արտակ Սարգսյանն է, որը նախկինում գործունեություն է ծավալել Աֆրիկայի երկրներում։ Երկրորդ հորիզոնականում Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է, որը զգալի քաղաքական փորձառություն ունի, մի քանի անգամ եղել է պատգամավոր։ 

«Հայ ազգային կոնգրեսը» եղել է հայաստանյան քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներից, որպես կուսակցություն հիմնադրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, ՀՀՇ-ի՝ Հայաստանի առաջին իշխող կուսակցության հենքի վրա, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Հիմնադրումից հետո, մինչեւ 2017 թվականը, քաղաքական գործընթացների հիմնական մասնակիցներից էր, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցել է Ազգային ժողով (ի դեպ, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր է դարձել հենց ՀԱԿ-ի կազմում)։ Հաջորդող խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։

Հայ ազգային կոնգրեսը թեեւ, այսպես ասած, զտարյուն ռուսամետ կուսակցություն չէ, բայց հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության օգտին, ոչ իրատեսական համարելով արեւմտյան-եվրոպական կողմնորոշումը։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է հետընտրական հնարավոր անցանկալի զարգացումներից։ Կուսակցության ցուցակը գլխավորում է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը։

«Հանրապետություն» կուսակցությունը ընդգծված արեւմտամետ ուժ է։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին համարում են Նիկոլ Փաշինյանին համախոհ գործիչ։ Արամ Սարրգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո եղել է վարչապետ, սակայն այդ ժամանակի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետեւանքով պաշտոնանկ է արվել եւ տարիներ շարունակ ընդդիմադիր տարբեր շարժումների կազմում պայքարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։

2018 թվականին Արամ Սարգսյանն ու իր գլխավորած կուսակցությունը մասնակցել են հեղափոխությանը, նախորդ խորհրդարանական ընտրություններում «Հանրապետությանը» շատ քիչ քվեներ են պակասել Ազգային ժողով մուտք գործելու համար։ Արամ Սարգսյանն հայտարարում է, որ շատ սեղմ ժամկետներում Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված կառույցներից եւ աշխատանքներ տանի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ 

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը իր հիմնական մոտեցումներով մոտ է «Հանրապետությանը»։ Կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը Ռուսաստանի թունդ քննադատներից է եւ, բնականաբար, հանդես է գալիս Արեւմուտքի հետ խորացված հարաբերություններ հաստատելու օգտին։ Նա նաեւ սուր քննադատության է ենթարկում Հայաստանում գործող եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող  երեք ռուսամետ կուսակցություններին՝ հայտարարելով, որ դրանք ՌԴ նախագահ Վ․Պուտինի գործիքներն են Հայաստանում եւ տեղ չպետք է ունենան խորհրդարանում։

Համլետ Կիրակոսյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments