Քննարկման ամփոփում․ «Ամենակեղտոտ քարոզարշավից» մինչև փաստերի ստուգում

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ապատեղեկատվության տարածումը, դրա ազդեցությունը հանրային ընկալումների վրա և հասարակության տեղեկատվական դիմակայունության բարձրացումը շարունակում են մնալ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից։

«Ապատեղեկատվությունից մինչև տեղեկատվական դիմակայունություն․ ի՞նչ դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից» թեմայով քննարկում է անցկացվել Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում։

Քննարկման բանախոսները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադարձել են ընտրարշավի ընթացքում տեղեկատվական դաշտում արձանագրված միտումներին, ապատեղեկատվական ու մանիպուլյատիվ նարատիվներին, արհեստական բանականության կիրառմամբ պայմանավորված սպառնալիքներին, ինչպես նաև մեդիայի և քաղաքացիական հասարակության պատրաստվածությանը։

2026 թվականի ընտրարշավի առանձնահատկությունները․ «աննախադեպ կեղտոտ» քարոզարշավ և արտաքին տեղեկատվական ազդեցություն

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն աչքի են ընկել տեղեկատվական դաշտի ծայրահեղ լարվածությամբ և բևեռացվածությամբ։ Ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան ընտրարշավի ընթացքում գերիշխող դիրք են զբաղեցրել։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս ընտրարշավն իր բնույթով առանձնահատուկ էր։

«Այս ԱԺ ընտրություններն իրենց քարոզարշավով առանձնահատուկ էին։ Ես կասեի՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտը։ Կարծես որևէ կարմիր գիծ չկար, բոլորն անցել էին։ Ապատեղեկատվությունը գերիշխող դիրքում էր, և, ցավոք, այն ուղղորդվում էր նաև դրսից՝ հիմնականում Ռուսաստանից։ Դա տեղեկատվական պատերազմ էր՝ հիբրիդային պատերազմի բոլոր բաղադրիչներով՝ տեղեկատվական, տնտեսական, քաղաքական և լոգիստիկ»,– նշել է նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույցի համաձայն՝ տեղական լրատվական դաշտի զգալի հատված, ինչպես նաև առանձին անհատներ ներգրավված են եղել նման տեղեկատվական արշավներում։

Միաժամանակ քննարկման ընթացքում նշվել է, որ ապատեղեկատվության բացասական ազդեցությունը որոշ չափով հնարավոր է եղել մեղմել փաստերի ստուգման հարթակների, որակյալ լրատվամիջոցների և լրագրողական հետաքննությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ։

Բանախոսների գնահատմամբ՝ քաղաքական դաշտում առկա սուր բևեռացվածությունը տեղափոխվել է նաև հասարակություն ու լրատվամիջոցներ, իսկ ներքին տեղեկատվական պատերազմի հիմնական տուժողը քաղաքացին է, որը հաճախ հայտնվում է իրարամերժ և մանիպուլյատիվ տեղեկությունների հոսքում։

Արհեստական բանականություն, դիփֆեյքեր և FIMI-ի սպառնալիքը

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական զարգացումներին, որոնք էականորեն փոխել են լրագրության և տեղեկատվական անվտանգության կանոնները։

2026 թվականի ընտրությունների ընթացքում լայնորեն կիրառվել են արհեստական բանականության գործիքներ, դիփֆեյքեր, ինչպես նաև օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության տեխնոլոգիաներ՝ FIMI՝ Foreign Information Manipulation and Interference։

Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանն ընդգծել է, որ նոր իրողության պայմաններում լրագրողի գլխավոր առավելությունը ոչ թե նյութն առավել արագ հրապարակելն է, այլ տեղեկությունն առավել արագ ստուգելու կարողությունը։

«Այսօր ձևավորվել է նոր իրողություն․ վաղվա առաջատար լրագրողը լինելու է նա, ով ոչ թե ավելի արագ է նյութ գրում, այլ նա, ով ավելի արագ կարող է ստուգել։ Ստուգման կարողությունների զարգացումը մեծագույն մարտահրավեր է, որովհետև ապատեղեկատվություն ստեղծելն անհամեմատ ավելի հեշտ և արագ է, քան այն փաստերով ստուգելն ու հերքելը»,– նշել է նա։

Արևիկ Սահակյանի խոսքով՝ Հայաստանում արձանագրված FIMI-ի ծավալները գերազանցել են նույնիսկ մեկ տարի առաջ Մոլդովայում գրանցված ցուցանիշները։ Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունն այնքան որակյալ է եղել, որ որոշ դեպքերում նույնիսկ փորձագետներն ու լրագրողներն են դժվարացել տարբերակել կեղծիքը իրականությունից։

Որպես դրական փորձ նշվել է ընտրությունների ընթացքում մի շարք լրատվամիջոցների և փաստերի ստուգմամբ զբաղվող թիմերի համագործակցությունը։ Համատեղ աշխատանքի շնորհիվ նրանք կարողացել են առավել արագ արձագանքել ապատեղեկատվական ալիքներին և հանրությանը տրամադրել ստուգված տեղեկություն։

Ապատեղեկատվական նարատիվներ, մանիպուլյացիայի մեխանիզմներ և հանրային ընկալումներ

Քննարկման ընթացքում փորձագետները տարանջատել են բացահայտ սուտը և առավել նուրբ մանիպուլյացիան։

Որպես բացահայտ կամ «չոր» ստի օրինակներ նշվել են «այսինչ գյուղը տարհանում են» կամ «Էրդողանը համաձայնել է Հայաստանում 11 մզկիթ կառուցել» ձևակերպումները։ Նման կեղծ լուրերը սովորաբար երկար կյանք չեն ունենում և բաց աղբյուրների միջոցով հնարավոր է արագ հերքել դրանք՝ միաժամանակ հեղինակազրկելով տարածողներին։

Բանախոսների գնահատմամբ՝ առավել վտանգավոր է մանիպուլյացիան կամ տեղեկատվական ձեռնածությունը, երբ մեծ քանակությամբ ճշմարիտ տեղեկության մեջ ներարկվում են մի քանի կեղծ թեզեր։ Այդպիսի նյութերն ավելի արժանահավատ են թվում և կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ հանրային ընկալումների վրա։

Լևոն Բարսեղյանն ընդգծել է, որ փաստերի ստուգման հրապարակումները հաճախ անհամեմատ ավելի փոքր լսարան են հասնում, քան բուն կեղծ տեղեկությունը։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կեղծ լուրը կարող է դիտել մեկ միլիոն մարդ, իսկ դրա ստուգումը՝ լավագույն դեպքում 100-150 հազարը։ Սա լուրջ մարտահրավեր է»,– նշել է նա։

Բարսեղյանն անդրադարձել է նաև քաղաքական պոպուլիզմի և ակնհայտ անիրատեսական խոստումների վտանգին։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները կարող են խոստանալ Գյումրիում կառուցել մեկ միլիարդ դոլարանոց «Դիսնեյլենդ», այն դեպքում, երբ քաղաքի բյուջեն մոտ 15 միլիոն դոլար է, խոսել Շուշին և Հադրութը վերադարձնելու մասին կամ «պողպատե մուրճով» սպառնալ հակառակորդներին։

Նման հայտարարությունները, անկախ դրանց իրատեսական կամ անիրատեսական լինելուց, դառնում են մեդիա արտադրանք և կարող են մոլորեցնել հանրությանը։

Լրագրողական էթիկա, ապագային վերաբերող պնդումներ և մեդիա դիլեմաներ

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապագային վերաբերող չստուգված պնդումների տարածմանը։ Որպես օրինակ քննարկվել է «300 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են Հայաստանում» թեզը։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ պաշտոնական հերքումից հետո նման վերնագրերով նյութերի շարունակական տարածումը կարող է խախտել լրագրողական էթիկայի սկզբունքները և նպաստել ատելության ու անհիմն վախերի տարածմանը։

Նա նշել է, որ լսարանի նկատմամբ չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել կամ անհիմն վախեր գեներացնել՝ առանց բավարար փաստական հիմքի։

Արևիկ Սահակյանն իր հերթին ընդգծել է, որ նման դեպքերում լրատվամիջոցները բախվում են մասնագիտական բարդ դիլեմայի, քանի որ խոսքը վերաբերում է ապագային, իսկ հասարակությունն ունի նաև պաշտոնական մոլորեցնող տեղեկատվության ցավալի փորձ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանից։

Factor TV-ն ընտրել է բաց հարցադրումների ձևաչափը՝ քարոզարշավի ընթացքում երկրի ղեկավարներից՝ Նիկոլ Փաշինյանից և Արարատ Միրզոյանից, ուղիղ եթերում պաշտոնական երաշխիքներ ստանալու նպատակով։

Սակայն, ըստ Սահակյանի, պաշտոնական պարզաբանումներից և երաշխիքներից հետո նույն թեզը որպես հաստատված փաստ շարունակաբար ներկայացնելն արդեն հստակ մանիպուլյացիա է։

Ի՞նչն աշխատեց, ի՞նչը պետք է փոխվի, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ

Քննարկման ընթացքում ներկայացվել են ապատեղեկատվության տարածումը կանխարգելելու, մեդիայի դիմակայունությունը բարձրացնելու և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու հիմնական ուղղությունները։

Օրենսդրական կարգավորումներ

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով սահմանափակվել է ռուսական հեռուստաալիքներ տարածող որոշ դիստրիբյուտորների գործունեությունը։

Միաժամանակ նշվել է, որ մեդիա կազմակերպությունները պետք է հետևեն, որպեսզի նման կարգավորումները չօգտագործվեն տեղական ազատ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու նպատակով։

Արտաքին ապատեղեկատվության չեզոքացում

Բանախոսների գնահատմամբ՝ Կրեմլի քաղաքականության հետևանքով նույնիսկ նախկինում ռուսամետ դիրքորոշում ունեցող հասարակական խմբերը սկսել են ավելի վերապահումով մոտենալ արտաքին աղբյուրներից ստացվող տեղեկություններին։

Քննարկման ընթացքում նշվել է, որ արտաքին ապատեղեկատվության դեմ պայքարը որոշ դեպքերում ավելի հեշտ է, քանի որ դրա աղբյուրը տեսանելի է։ Առավել բարդ է ներքին պառակտիչ բովանդակության դեմ պայքարը, որը տարածվում է տեղական դերակատարների միջոցով և կարող է ավելի վստահելի թվալ լսարանին։

Բաց տեղեկատվական համակարգի առավելությունը

Հայաստանի բաց տեղեկատվական դաշտը, ի տարբերություն փակ և խիստ վերահսկվող համակարգերի, հնարավորություն է տալիս մասնագիտացված փաստերի ստուգման հարթակներին բացահայտել կեղծիքները և հրապարակել ստուգված տեղեկություններ։

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանում գործող մի շարք մասնագիտացված փաստերի ստուգման թիմեր կարևոր դեր են խաղում ապատեղեկատվության բացահայտման և հանրային իրազեկման գործում։

Անհատական մեդիագրագիտության զարգացում

Աշոտ Մելիքյանը քաղաքացիներին հորդորել է վերապահումով մոտենալ «սենսացիոն» և «ցնցող» վերնագրերով հրապարակումներին, փնտրել տեղեկատվության սկզբնաղբյուրը և նույն տեղեկությունը ճշտել այլընտրանքային, վստահելի լրատվամիջոցների միջոցով։

Քննարկման մասնակիցների համոզմամբ՝ մեդիագրագիտությունը պետք է դառնա ոչ միայն կրթական ծրագրերի, այլև յուրաքանչյուր քաղաքացու առօրյա տեղեկատվական վարքագծի մաս։

Նախապատրաստում ՏԻՄ ընտրություններին

Առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ անհրաժեշտ է զարգացնել տեղական լրատվամիջոցների փաստերի ստուգման կարողությունները, խորացնել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության մեդիագրագիտության մակարդակը։

Հատկապես կարևոր է համայնքներում աշխատող լրագրողների դերը, քանի որ նրանք հաճախ առաջինն են արձագանքում տեղական նշանակության լուրերին, ճանաչում են համայնքի հիմնական դերակատարներին և կարող են արագ ստուգել տարածվող պնդումների իսկությունը։

Քննարկման մասնակիցների համոզմամբ՝ ապատեղեկատվության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն կեղծ տեղեկությունների հերքմամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կանխարգելման, արագ արձագանքման և հանրային կրթության ամբողջական համակարգ, որպեսզի ապատեղեկատվությունը չձևավորի հանրային օրակարգը և չազդի քաղաքացիների տեղեկացված ընտրության վրա։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments