«Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց Զվարթնոց օդանավակայանում
Հոկտեմբերի 1-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել հունգարական «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին եղել «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա (մեկնարկել է), Համբուրգ (մեկնարկել է), Նեապոլ (մեկնարկել է), Փարիզ Բովե (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս (հոկտեմբերի 2-ից), Բարի (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն (հոկտեմբերի 28-ից): Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր: Տեղեկացնենք նաև, որ «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com