Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամուրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում, հայտարարում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ ըստ էության արձագանքելով Բաքվի պնդումներին։ Տեղակայման ընթացքում, սակայն, ըստ հայկական ԱԱԾ-ի, ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ», – ասված է հաղորդագրության մեջ։ ԱԱԾ-ն հավելում է, որ հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: «Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության», – նշում է ծառայությունը։ Հաղորդագրության մեջ իրավապահ կառույցը հիշատակել է 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ 2023թ. ապրիլի 1-ից Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Նախորդ օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից, հաղորդում է ԱԱԾ-ն՝ կրկին հղում անելով օգոստոսյան պայմանավորվածություններին։ Այժմ, ըստ ԱԱԾ-ի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Աղբյուր `https://www.sns.am/hy/news/view/830

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments