Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ
Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:
«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»,–ասել Քարազյանը։ Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։ Նա նաև հավելել է, որ այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվում է շուրջ 30 գերի, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերին, ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն չունի հանրային հարթակում որևէ հայտարարություն անելու դեպքերի ու տեսանյութերի վերաբերյալ, բայց նման հարցերը գտնվում են իրենց մշտական հսկողության տակ:
«44-օրյա պատերազմի և 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց մենք ամիսը մեկ անգամ այցելում ենք և փորձում ենք այդ պարբերականությունը պահել: Այցելությունների ընթացքում գերիներին ենք փոխանցում հարազատներից տեսանյութեր, նամակներ, զանգի հնարավորություն, և հակառակը»,- նշել է նա:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com