Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը

2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի՝ անցնող տարվա Ադրբեջանին նվիրված զեկույցում։ Նշվում է, որ մայիսին իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 20 անձանց, որոնք ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով: Բայց առնվազն 30-ն էլ մնացել են անօրինական կերպով բանտարկված, մինչդեռ իշխանությունները շարունակում են թիրախավորել իրենց քննադատներին ու այլախոհներին: Սահմանափակող օրենքները շարունակում են խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպություններին ինքնուրույն գործել: Մարդու իրավունքների այլ մշտական խնդիրներ ներառում են համակարգային խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումները: Հուլիսին, էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և այդ երկրի կողմից ածխաջրածնային մատակարարումների մանիպուլյացիայով, Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի նպատակն էր մեծացնել այդ երկրի գազի արտահանումը Եվրոպա: Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն չի օգտագործել լայն երկկողմանի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ ապահովելու մարդու իրավունքների բարելավում: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի՝ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային, HRW-ը նշում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև մարտերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ «Human Rights Watch-ի կողմից վավերացված տեսանյութը ցույց է տալիս այս մարտերի ընթացքում առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատիժը, ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից: Ռազմական գործողությունների առանձին միջադեպերը շարունակել են վտանգել Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ու ապրուստը։ Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք էթնիկ հայ խաղաղ բնակիչ է զոհվել»,- ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ ըստ հայ իրավաբանների՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերը 2020-ի մարտական գործողությունների հետ կապված առնվազն 30 հայ ռազմագերիներ և երեք քաղաքացիական անձինք մնացել են ադրբեջանական կալանքի տակ։

Աղբյուր`https://www.hrw.org/world-report/2023/country-chapters/azerbaijan

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments