ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: Բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարարն ասել է, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը: «Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասել է Հովհաննիսյանը: Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում: Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 մլրդ դրամ: Բյուջեի նախագիծը հանձնաժողովում ստացել է 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com