ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումն արգելելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։ Նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 16։
Նախագիծը խորհրդարանին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ համահեղինակությամբ պատգամավոր Ալխաս Ղազարյանի։
Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման ձևակերպումներ։ Բացի այդ, դաշինքների անվանումներում չեն կարող ներառվել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ արտահայտություններ։ Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններում քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե ծրարում, բացի քվեաթերթիկից, առկա է որևէ այլ իր։ Գործող կարգավորմամբ նման դեպքերում քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվում։
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելու և քվեաթերթիկը դուրս բերելու ընթացքում ձեռքում այլ իր չի կարող ունենալ։ 
Նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք օրերս հայտարարել էին խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին։ Նրանք պնդում են, որ ընտրություններին ընդամենը երկու ամիս մնացած՝ նման փոփոխություններն անթույլատրելի են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նաև այն համարում են հակաժողովրդավարական։
Նախագծին դեմ են արտահայտվել նաև խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ շեշտելով, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ չի կարելի փոխել «խաղի կանոնները»։

Ի պատասխան քննադատություններին՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությամբ՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ փոփոխություններ չպետք է արվեն ընտրակարգում, ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգում և ընտրատարածքների սահմաններում։ Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները այդ երեք կետերից որևէ մեկին չեն վերաբերում և կրում են տեխնիկական բնույթ։ Ջուլհակյանը նաև մանրամասնեց նախագծի բովանդակությունը՝ նշելով, որ այն ուղղված է տեխնիկական վրիպակի շտկմանը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվել էր փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հանելով 2-րդ նախադասությունը։ Նպատակն էր վերացնել այն պահանջը, ըստ որի՝ կուսակցությունների դաշինքի անվանման մեջ պետք է նշվեն դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անունները։
Սակայն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ․ «նախադասություն» բառի փոխարեն կիրառվել է «պարբերություն» եզրույթը։ Արդյունքում ստացվել է, որ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե նախատեսված դրույթը՝ 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, այլ դրա երկրորդ պարբերությունը։
Պատգամավորը նշեց, որ այդ պարբերությամբ սահմանվում է՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթեցնող ձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Միևնույն ժամանակ, օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով նույնաբովանդակ սահմանափակում է նախատեսված համայնքի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների համար։ Նրա խոսքով՝ այդ դրույթները ներդրվել են միասնական հիմնավորմամբ, ուստի դրանց փոփոխությունը կպահանջեր համապատասխան փոփոխություններ նաև այլ հոդվածներում և հարակից իրավական ակտերում, ինչը չի իրականացվել։ Ջուլհակյանը ընդգծեց, որ նշված սահմանափակումները բովանդակային և սկզբունքային նշանակություն ունեն և համահունչ են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին։
Նրա խոսքով՝ քանի որ կուսակցությունների դաշինքները նույն քաղաքական սուբյեկտների համագործակցության ձև են, տրամաբանական է, որ նրանց անվանման նկատմամբ կիրառվեն նույնատիպ սահմանափակումներ։ Պատգամավորը նաև շեշտեց, որ նախագծով չի նախատեսվում վերացնել դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները։ «Ընդհակառակը՝ նպատակ է հետապնդվել բացառապես տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը»,– նշեց նա։ Ըստ նրա՝ 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «ուժը կորցրած ճանաչումը» պետք է դիտարկել որպես տեխնիկական սխալ, որն անհրաժեշտ է շտկել օրենքով սահմանված կարգով։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






