ԱԺ-ն ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը
Ազգային ժողովը, ձայների 66 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ, այսօր ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Ընդդիմությունը չի մասնակցել բյուջեի քննարկմանը։ Եկող տարվա պետբյուջեով եկամտային մասը կազմելու է՝ 2 տրիլիոն 301 միլիարդ 291 միլիոն 155.2 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 միլիարդ 147 միլիոն 50.7 հազար դրամ, պակասուրդը՝ 288 միլիարդ 855 միլիոն 895.5 հազար դրամ։ Ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։ Գործադիրը հաջորդ տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Իշխանությունները հայտարարում են, որ նպատակին հասնելը հեշտ չի լինելու։ «Կլինեն նաև դժվարություններ։ Այս տարվա դրական զարգացումների արդյունքում ձևավորված բազայի նկատմամբ բարձր տնտեսական աճի հասնելը պահանջում է հետևողականորեն խորացնել իրականացվող բարեփոխումների ընթացքը և հաղթահարել զգալի դժվարություններ», – բյուջեի քննարկման ժամանակ ասել էր իշխող խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը։ «Խոսք տալը և խոստումը կատարելը տարբեր բաներ են։ Դաշինքի համար 2023 թվականի բյուջեն իրատեսական չի դիտվում և ըստ այդմ՝ անընդունելի է», – քննարկմանն ավարտին, լռությունը խախտելով, հայտարարել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Աղբյուր`
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com