«ԱԺ-ն ընդունել է պաշտոնյաների ծախսերի հայտարարագրում նախատեսող նախագիծը»

ԱԺ-ն ընդունել է պաշտոնյաների ծախսերի հայտարարագրում նախատեսող նախագիծը ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է գործադիրի կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը: Օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացել է 101 կողմ, 17 դեմ ձայներ: Նախագծերով մասնավորապես առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման:Սպառիչ թվարկված ծախսերն են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները և անշարժ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը:Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը: Առաջարկվում է նաև նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամից հասցնելով 4 մլն դրամի կամ համարժեք արժույթի մակարդակ: Նախատեսվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:Նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները, պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել, թե ինչ է նշանակում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments