ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: «Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Դրանցից, օրինակ, խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»: Նրա խոսքով՝ մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի մասնագիտանալու են նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերում Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս նպատակով դատական համակարգում ավելանալու է առնվազն 17 հաստիք, որոնցից 8-ը Երևան քաղաքում: Որոշումն ընդունվեց 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com