ԱՄՆ 66 կոնգրեսականներ կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին
ԱՄՆ 66 կոնգրեսականներ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և անվտանգության աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործների համար պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), փոխանցում է The Armenian weekly-ն: Երկկուսակցական կոնգրեսականների նամակում, որը գլխավորել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին, մասնավորապես, կոչ է արվում՝ – 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, -կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։
ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը, -20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին, ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար, -10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար, -10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։ «Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ և Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։
Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը և նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև կետ է մնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։ Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com