Առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանություն գործելու համար նախատեսված պատժաչափը: Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար նախատեսվի 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում: Պատգամավորները նաև նախատեսում են խստացնել լրտեսության համար սահմանվող պատժաչափը՝ դարձնելով 15-20 տարի (գործող Քրեական օրենսգրքով այդ արարքի համար սահմանվում է 8-15 տարվա ազատազրկում): «Համարում ենք, որ առավել մեծ և, ըստ էության, համեմատության մեջ որևիցե կերպ չի կարելի այլ հանցանքների հետ համադրել կամ համեմատել, որովհետև այն վնասները, որը թողնում են պետական դավաճանությունը և լրտեսությունը Հայաստանի Հանրապետության կամ մեր ժողովրդի, մեր երկրի քաղաքացիների համար, պարզապես համեմատության և համադրությունների մեջ չի կարելի դնել»,- պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է նախագծի համահեղինակ Վահե Էնֆիաջյանը: Հանձնաժողովում նախագծի քննարկումը վերաբերում էր որոշ իրավակարգավորումների: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, օրինակ, նշել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակի համար կոնկրետ հանցագործություններով նախատեսում է վերին և ստորին շեմ: Նա առաջարկել է 20 տարվա կամ ցմահ ազատազրկումը փոխարինել 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հավելել է, որ այս փոփոխությունն անհրաժեշտ է նաև պատժի անհատականացումը ապահովելու համար: «Եթե, օրինակ, կա հիմնական հանցագործ, օժանդակող և այլն, որպեսզի պատասխանատվությունը տարբերակված լինի»: Վահե Էնֆիաջյանը ընդունել է իմքայլական պատգամավորների առաջարկը՝ նշելով, որ իրավական բոլոր հարցերը լուծելի են: Նախագծի բովանդակության հետ կապված հանձնաժողովում տարաձայնություններ չկային: Օրինագիծն առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com