Ատեստավորում անցած զինծառայողների աշխատավարձը կբարձրանա․ Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ փաթեթով առաջարկվում է՝ հավելավճարի համար ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին զինվորական ծառայության ընդունվող զինծառողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը: «Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառողները կարող են կրկնակի ատեսատավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավաճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Բացի դրանից՝ զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,- նշել է Պապիկյանը: Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է նաև, որ ատեստավորման կարգը մարտական խնդիրների և դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը և հավելավճարի հաշվարկման և դադարեցման պայմանները սահմանվելու են պաշտպանության նախարարի հրամանով: Օրենքների նախագծերն արժանացան գործադիրի հավանությանը և ճանաչվեցին անհետաձգելի: «Այս նախագիծը, ըստ էության, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողները կստանան աշխատավարձի կրկնապատկում ու երբեմն նույնիսկ ավելին: Այս գործընթացը կշարունակվի», – նշել է վարչապետը:

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments