Արմեն Սարգսյանը ստացել է վարչապետի՝ նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կայացրած որոշումը անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի, հայտարարում է նախագահի գրասենյակը: Այս կապակցությամբ, գրասենյակը ևս մեկ անգամ ընդգծում է՝ նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հայտարարությունում նաև նշվում է, որ նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում: «Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով: Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը»: Նախագահի գրասենյակը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը նախագահին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը կայացած հանրահավաքում Փաշինյանը նաև հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։ Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկեց վարչապետի աշխատակազմ: Վարչապետն էլ միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին` նշելով, որ «այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»:

Աղբյուր՝ 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments