Արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հարցի քվեարկությունը ստացել է 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments