«Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզման պատճառը ստվերային կառավարումն է ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։
Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։
Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել սուլիսով: Գյումրի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ-ն հաղորդում չի ներկայացրել ՀՀ դատախազություն, Քնարիկ Հարությունյանը պատասխանել է, որ եթե դատախազությունն իրենց հայտարարության մեջ հիմքեր է գտել, թող քննի:
Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Բալասանյան դաշինքը» ունեցել են տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների շուրջ պայմանավորվածություններ, որոնք, ինչպես ինքն է նշում, տարօրինակ կերպով, ինչ-ինչ պատճառներով հետո չեն իրականացվել:
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու հարց այս պահին չի քննարկվում, և իրենք շարունակելու են իրենց 11 մանդատի ուժով իրականացնել կառավարում:
Դիտարկմանը, թե երկու տարի՞ էր պետք հասկանալու, որ համայնքապետարանում ստվերային կառավարում է իրականացվում, Գյումրու համայնքապետի տեղակալ Արթուր Պապիկյանը նշել է, որ համագործակցության ընթացքում իրենց համար տեսանելի են եղել, որ «Բալասանյան դաշինքի» թիմը ՔՊ-ի հետ շատ պայմանավորվածություններ չի իրականացնում, և իրենք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են: Գյումրիում ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման գործընթացի շուրջ պայմանավորվածությունը ևս խախտվել է, նշել է Պապիկյանը:
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ն նախապատրաստում է, որ Գյումրու հաջորդ համայնքապետը լինի վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, վերջինս նշել է, թե այս պահին նման քննակումներ չկան:: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իրենց շատ փաստաթղթեր հասանելի չեն եղել, պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։
«Բալասանյան դաշինքը» դեռ չի մեկնաբանել քաղաքական այս խմորումները՝ խոստանալով, որ առաջիկա օրերին հայտարարություն կտարածեն։
Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, սակայն քաղաքապետի հետ կնքված հուշագրով Հայաստանում իշխող ուժին բաժին էին հասել երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com