Գյումրիում բացվել է Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը
Հին Ալեքսանդրապոլի պատմական շենքերից մեկում բացվել է Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը։ 1887 թվականին կառուցված այս շենքում տեղ է գտել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հարուստ հավաքածուն՝ հայկական զինանշանների նմուշներ, պետական ու ազգային խորհրդանիշներ, եզակի փորագրանկարներ և այլն։ Հին Գյումրիի հունական թաղամասի այս հինավուրց շենքը եղել է մեծահարուստ Մալխասովների տունը։ Կիսանկուղային շենքի պատմական արժեքը վերականգնվել է իր ժամանակի միջավայրում։
Այստեղ ամեն ինչ հիշեցնում է 19-րդ դարը, սենյակների կահավորանքը, հին լուսանկարները, նաև հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, հայկական զինանշանների ու դրոշների տարբեր ժամանակաշրջանների հորինվածքներ։ Իսկ այս ամենի կենտրոնում Հայկ Դեմոյանի 10 տարվա հավաքչական աշխատանքների արդյունքն է՝ նրա հեղինակած ,,Հայկական ազգային խորհրդանիշներ,, գիրքը։
Իր հայրենի քաղաք Գյումրիում Հայկ Դեմոյանը 1 տարվա մեջ արդեն 3-րդ թանգարանն է բացում, նպատակ ունենալով Գյումրին դարձնել գրավիչ հյուրերի ու զբոսաշրջիկների համար, նաև սերունդների շրջանում հայրենասիրությունն ու պատմությունը ընկալելու, հասկանալու մշակույթ ձևավորել։ Հրավիրված հյուրերն էլ խորհրդանշանների թանգարանի բացմանը դատարկաձեռն չէին եկել։ Նվերներն էլ թանգարանային բացառիկ նմուշներ էին։
Ուսուցողական բովանդակությամբ այս թանգարանը իր հարկի տակ կհյուրընկալի նաև դպրոցականներին, ովքեր կկարողանան ամենատարբեր միջոցառումներ անցկացնել։ Սա արդեն նույն շենքում գործող մյուս մշակութային օջախում՝պատմաճարտարապետական ,,Ակումբ 1887,,-ում, որը ևս բացվեց խորհրդանշանների թանգարանների հետ։ Թանգարանը պարբերաբար կհարստացվի նոր ցուցանմուշներով, հիմնադիրները կշարունակեն հին Ալեքպոլի պատմության այլ վկայություններ փնտրել, նաև դրանք ձեռք բերել տարբեր աճուրդներում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com