Գյումրիում երկրաշարժից 32 տարի անց դեռ տնակային մանկապարտեզ կա

Գյումրիում երկրաշարժից 32 տարի անց դեռ տնակային մանկապարտեզ կա, իսկ 2 նոր մանկապարտեզ արդեն կառուցվում է

Նախորդ ուսումնական տարում Գյումրիում 3  տնակային մանկապարտեզ էր գործում, որտեղ հաճախում էր ավելի քան 200 երեխա: Այս ուստարում վիճակը կփոխվի, բայց դարձյալ տնակային մանկապարտեզներից քաղաքը չի ձերբազատվի: Ծիածան մանկապարտեզը դեռ կշարունակի գործել ժամանակավոր կառույցում ու նույնիսկ ծանրաբեռնված պայմաններում:

Ըստ Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուի, Ծիածան մանկապարտեզի համար նոր շենք կառուցելու ծրագիր չկա, փոխարենը քաղաքի տնակային մյուս մանկապարտեզների բախտն է բերել: Գյումրիում տեղի ունեցած հեղեղի հետևանքով զգալի վնաս էր կրել ավտոկայան թաղամասի «Զանգակ» մանկապարտեզի տնակային մասնաշենքը, ինչն էլ արագացրել էր ապամոնտաժումը:

Տնակային մնկապարտեզի տարածքում  նոր շենք է կառուցվելու: Այդ նպատակին 200 մլն դրամ է հատկացվել: Գումարի մեծ մասը Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումն է, իսկ 20 մլն դրամը` Գյումրիի քաղաքապետարանինը: Շինարարությունը շուտով կսկսվի, մրցույթի անցկացման փուլն է ընթանում:  Իսկ Գյումրիի մեկ այլ տնակային` «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում շինաշխատանքները 3 ամիս է սկսված են: Տնակային շինությունն ապամոնտաժվել է, տեղում 75 երեխայի համար երկհարկանի նոր մանկապարտեզ է կառուցվում, դարձյալ զարգացման հիմնադրամի և Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:

10 բալ սեյսմակայունությամբ նոր մանկապարտեզում նորովի են ստեղծվելու սանհանգույցներն ու խոհանոցները: «Մասիս» շինարարական ընկերության գլխավոր ինժեներն է նշում, որ ժամանակացույցից առաջ են անցել, հաջորդ տարի հուլիսին գյումրեցի փոքրիկներին կհանձնեն նոր մանկապարտեզ, արևային ջրատաքացուցիչներով , օդափոխության համակարգով ու ջեռուցման ժամանակակից լուծումներով:

Նոր ուսումնական տարին Գյումրիի մանկապարտեզներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, պարետի ցուցումներով երեխաների հաճախելիության նոր պայմաններ են սահմանվել: Նախկինում եթե թույլատրվում էր խմբերում մինչև 30 երեխա ունենալ, հիմա սահմանափակվելու են 12 երեխաներով: Թե որ մանկապարտեզը կբացվի, որը` ոչ, հայտնի դեռ հայտնի չէ:

Քաղաքապետարանը ծնողների հետ է քննարկելու մանկապարտեզների խոհանոցների բացվել-չբացվելու հարցը: Հայտնի է միայն, որ Գյումրիում մանկապարտեզները մինչ կորոնավիրուսի համաճարակը աշխատում էին 80 տոկոս բեռնվածությամբ: Բայց քաղաքի 0-6 տարեկան երեխաների միայն 40 տոկոսն է հաճախում  մանկապարտեզ: Եթե հաճախելիության ցուցանիշը բարձրանա, Գյումրին նոր մանկապարտեզների կառուցման խնդիր կունենա:

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments